Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները պահանջում են պատժել ոստիկաններին

Մարտ 15,2012 12:04

Այս պահին Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման պահանջով Կառավարության շենքի առջեւ են հավաքվել բնապահպան ակտիվիստները: Նրանք այսօր բացի կրպակների ապամոնտաժման պահանջից՝ կառավարությունից ու ՀՀ ոստիկանապետից պահանջում են պատժել այն ոստիկաններին, որոնք խոչընդոտել են իրենց խաղաղ ցույցը: Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան ոստիկանները քանդել են Մաշտոցի այգում ակտիվիստների տեղադրած վրանը:

«Մենք ունենք եւս մեկ հստակ պահանջ, որը վերաբերում է ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, երեկոյան ոստիկանությունը խախտել է մեր սահմանադրական իրավունքը, արգելել է մեր խաղաղ ցույցը: Ներկայացնում ենք մեր պահանջը՝ պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք խախտում են Հայաստանի Սահմանադրությունը, սա որակում ենք հակասահմանադրական քայլ»,- հայտարարում էր ակտիվիստներից Ապրես Զոհրաբյանը:

Կառավարության նիստի ընթացքում կրպակներին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ իրենք շահագրգռված են այս հարցի շուրջ համերաշխ լուծումների գալ ընդդիմախոսների հետ. «Մենք դեմ ենք մշտական կրպակներին, այդ տաղավարները մշտական չեն լինելու: Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեց, ինչքա՞ն ժամանակով են լինելու այդ կրպակները` առավելագույնը երեք տարի»:

Վարչապետի խոսքերով, ինչպես քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահեց իր առաջին խոստումը` Աբովյան փողոցը մաքրել կրպակներից, այնպես էլ երկրորդ խոտումը կպահի` այգում տեղադրված կրպակները կապամոնտաժվեն երեք տարուց հետո. «Ապամոնտաժվելու է, մենք հարգում ենք մեր ընդդիմախոսների կարծիքը, կարծում եմ, որ մեր առաջարկած այս լուծումը պետք է վերջնակետ լինի այս երկխոսության մեջ, երեւանցիների համար ընդունելի լուծում, պետք է հաշվի առնենք ոչ միայն երեւանցիների, այլեւ կրպակների սեփականատերերի շահերը»:

Նա նաեւ ասաց, որ Փոքր Երեւանում կառուցապատման կանոններն այսուհետ ավելի խիստ կլինեն, սահմանվել են լրացուցիչ կանոններ, որոնք կարգելեն փոքր կենտրոնում բազմաբնակարան նոր շինությունների կառուցումը, կպահպանեն հին կառույցները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031