Հատված ԱԺ պատգամավոր, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Մանուկյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Մանուկյան, վերջերս մեր թերթին տված հարցազրույցում Դուք ասել էիք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նորից առաջադրվելու եք թիվ 15 ընտրատարածքում, սակայն նախօրեին մենք տեղեկացանք, որ ՀՀԿ-ն Ձեզ հրահանգել է չառաջադրվել, քանի որ այդ ընտրատարածքում ՀՀԿ–ն առաջադրելու է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանին։
– Ինձ որեւէ մեկը չի ասել առաջադրվիր կամ մի առաջադրվիր։ Ես հետեւություն եմ անում ստեղծված իրավիճակից, ու եթե հայտարարվել է, որ ՀՀԿ-ն այլ թեկնածու է պաշտպանելու իմ ընտրատարածքում, ուրեմն իմ աշխատանքն ու իմ քաղաքական պաշարը չի բավարարել եւս մեկ անգամ այդ ընտրատարածքում առաջադրվելու համար, կամ էլ մեր կուսակցության ծրագրային դրույթներին հարմար չէ։ Այդ հետեւությունները ես եմ անում եւ ինձ որեւէ մեկը որեւէ բան չի ասում։ Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ եթե կուսակցությունը հայտարարել է, որ Մնացական Մնացականյանին է պաշտպանելու, ապա դա կուսակցության որոշումն է, իսկ ես կուսակցության անդամ լինելով հանդերձ՝ նաեւ կուսակցության խորհրդի անդամ եմ ու ի դեպ, մի քանի օր առաջ կայացած համագումարին եմ ընտրվել, այսինքն կուսակցության մասնիկն եմ։ Իսկ կուսակցության անդամ լինելը նշանակում է ունենալ որոշակի պարտավորություններ, եւ դու էլ պետք է առաջ տանես կուսակցության խնդիրները, ու եթե ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել Մնացականյանին, ուրեմն ես կամ պետք է ինքս, իմ անհատական նախաձեռնությամբ առաջադրվեմ, ինչն էլ նպատակահարմար չեմ համարում։
Կարդացեք նաև
– Իսկ հնարավո՞ր է այլ ընտրատարածքում առաջադրվեք։
– Ես 10 տարի այդ տարածքում եմ աշխատել, ծնունդով այդ տարածքից եմ, հոգով-սրտով ես այդ տարածքի ժողովրդի հետ եմ կապված։ Մի բան հստակ է՝ եթե ես չառաջադրվեմ էլ, ինչպես մինչեւ հիմա եղել եմ ժողովրդի հետ, կիսել եմ նրանց հոգսը, լավն ու վատը, այնպես էլ հիմա եմ նրանց հետ լինելու, ես նրանցից հեռու լինել չեմ էլ կարող։
– Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Դուք շարունակեք աշխատել Ձեզ հարազատ դարձած ընտրատարածքում։
– Կուսակցությո՛ւն, ինչո՞ւ ես նման որոշում կայացրել՝ իրենց պետք է հարցնել, ես ինչ իմանամ։
– Բայց չէ՞ որ Դուք այդ կուսակցության խորհրդի անդամ եք…
– Այո, խորհրդի անդամ եմ, բայց գործադիրն է նման որոշումներ ընդունում… Կարծում եմ՝ նաեւ իմ գործարար լինելու հետ կապված խնդիր կա, չէ՞ որ ՀՀԿ նախագահը հայտարարել է, որ ԱԺ-ում գործարարներ չպիտի չլինեն, իսկ ես միշտ ասել եմ, որ ես հոգով գործարար եմ։
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ժամանակ»