Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը պահանջում է վերականգնել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների մեկ վրան ունենալու իրավունքը

Մարտ 15,2012 11:04

Մեր աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի 14-ի ուշ երեկոյան ոստիկանների կողմից ապամոնտաժվել է:

Դեռևս 2011 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդես եմ եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝ հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ,  որ անձանց կողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը:

Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման’ պետության համապատասխան պոզիտիվ պար­տա­վո­րու­թյուն­ներից,  ինչպես նաև  այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:

Ավելին, հավաքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, որտեղ ամրագրված  է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին ոստիկանության կողմից աջակցություն ցուցաբերելու պարտականություն նախատեսող դրույթը:

Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը:

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031