Հատված Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցից
– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ նրան ԲՀԿ համագումարին մասնակցելու հրավեր չի ուղարկվել։
– Ես տարբեր լրատվամիջոցներում կարդացել եմ այդ թեմայի հետ կապված հրապարակումներ, մի հանգամանք ուղղակի բոլորը բաց են թողնում. չեք կարող մատնանշել որեւէ մի համագումար, որին Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է, չի եղել նման դեպք ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապեւոությունում, որտեղ նախագահ է եղել, ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ վարչապետ եղած ժամանակ, ոչ 10 տարվա նախագահության ընթացքում։ Ես, համենայնդեպս, չեմ հիշում։ Այսինքն, մարդու, որը որեւէ համագումարի չի մասնակցել երբեւէ, կարծում եմ՝ հրավիրելու, չհրավիրելու խնդիրը արդեն իսկ ակտուալ չէ։
– Պարզապես եղել է, որ հրավեր ուղարկել են, ու ինքը ուղերձ է հղել, իսկ այս դեպքում ասում են, որ չեն հրավիրում։
Կարդացեք նաև
– Այ, հիմա տեսեք, տարբեր բան ստացվեց. եթե խնդրեին ուղերձ ուղարկել, գուցե ուղարկեինք, ես չգիտեմ, բայց խոսքը գնացել է մասնակցության մասին, ճի՞շտ է, Ռոբերտ Քոչարյանը որեւէ համագումարի երբեւէ չի մասնակցել։
– Այսինքն, նախկինում խնդրել էին, որ ուղարկի, հիմա՝ ո՞չ։
– Նախագահ Քոչարյանը որեւէ համագումարի երբեւէ չի մասնակցել։ Այլ մեկնաբանություններ չեմ ուզում անել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»
«Առավոտի» կողմից նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է բազմաթիվ համագումարների, եւ անգամ ելույթներ ունեցել: Նման ելույթներ այժմ էլ տեղադրված են Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքում, ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստանի համայնքների միության համագումարում, ելույթը համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադրամի համագումարում եւ այլն: