Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսանք՝ Նովռուզի հյուրերը «պատ»-ի չհանդիպեն

Մարտ 15,2012 10:33

Իրանական Ամանորի առաջին ծիծեռնակներն արդեն Երևանում են: Քաղաքի փողոցներում նշմարելի են իրանական պետհամարանիշով ավտոմեքենաներ, որոնց ուղևորներն որոշել են իրենց Նովռուզի արձակուրդը Հայաստանում անցկացնել:  Առաջիկա օրերին տուրիստների ավելի մեծ հոսք է սպասվում:

Իրանական ավտոմեքենաները Մեղրիի անցակետում քսան հազար երկուհարյուր հիսուն դրամ մուծում են Հայաստանի տարածք մուտք գործելու՝ ևս վեց հազար դրամ վճարում են ապահովագրության (ԱՊՊԱ) համար. վիզայի գումարը ևս գանձվում է առանձին: Համաձայն վարորդներին տրվող բանկային անդորրագրերի՝ գանձվող 20.250 դրամից 10.000 դրամ հատկացվում է «Ճանապարհային վճարին», 3.750 դրամը «բնապահպանական վճար» է, իսկ 6.500 դրամը Սյունիքի մաքսատանը հատկացվող «մաքսավճար»: Ստացվում է, որ գոնե գանձվող տաս հազար դրամները պետք է հատկացվեն ավտոճանապարհների բարեկարգմանը: Երևանի հարավային դարպասի անմխիթար վիճակը և ճանապարհային երթևեկության նշանների սակավությունը վկայում է, որ մեր քաղաքային իշխանությունները, հանրապետական ճանապարհների վերահասու մարմինները և ճանապարհային ոստիկանությունը այս տարի ևս հավուր պատշաճի չեն պատրաստվել ավտոտուրիստներին ընդունելու համար:

Տուրիստները Արարատի մայրուղիով Երևանին մոտենալիս շփոթվում են, թե ո՞նց պետք է քաղաք մտնել, չկան համապատասխան ցուցանակներ և գծանշումներ, իսկ գիշերվա ժամերին կատարյալ մթություն է: Երեք հարյուր մետր մնացած մայրուղու ավարտին հանդիպում ենք «ՊԱՏ» և մի քիչ անց «ՃՈ RP» վերտառությամբ  ոչ-ստանդարտ նշանների: Պատկերացրեք իրանցի վարորդի վիճակը, որը միջազգային վարորդականով մտել է մեր հանրապետության տարածք և հիմա հանդիպում է ճանապարհային երթևեկության նշանների, որոնք միջազգային ճանաչում չունեն: Շտապեմ հայտնել, որ «ՊԱՏ» նշանակում է Պետավտոտեսչություն, իսկ «ՃՈ» նշանակում է Ճանապարհային Ոստիկանություն (Road police): Հետաքրքիր է, որ այս նշանները և դրանց բացատրությունը չկա անգամ ՀՀ Ոստիկանության կայքէջի (police.am) «Ճանապարհային ոստիկանություն» բաժնում:

Մենք փնտրեցինք նաև varord.am, qnnutyun.vs.am և auto.am կայքէջերում և միայն վերջինիս Ճանապարհային երթևեկության նշանների «Սպասարկման նշաններ» բաժնում գտանք «POLICE» նշանը հետևյալ բացատրությամբ. «Պետավտոտեսչության ճանապարհա-պարեկային ծառայության պահակակետ»: «POLICE» նշանն ընդունված է ամբողջ աշխարհում, իսկ «ՊԱՏ»ն ու «ՃՈ»ն անհասկանալի է մեր երկիրը մտնող ավտոտուրիստի համար:

Մեր կառավարությունը տուրիզմը հայտարարել է որպես տնտեսության գերակա ոլորտ, արտասահմանի յուրաքանչյուր ավտոմեքենայից էլ  մոտ քսան հազար դրամ սակագին է գանձվում, բայց Ճանապարհային երթևեկության նշանների հարցը և գիշերային լուսավորումը դեռ մնում է բարձիթողի վիճակում: Հետաքրքիր է, այդ գումարով ինչպիսի՞ ծառայություններ ենք պատրաստվում մատուցել  մեր երկիր այցելող տուրիստներին և ե՞րբ ենք բարելավելու մեր սպասարկման որակը:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031