Խորհրդարանական ընտրությունների նախօրեին հանրապետական դառնալու որոշում նախարարներ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը կարող էին կայացնել երեք հնարավոր պատճառով. կամ դա ՀՀԿ-ի պահանջն է եղել, կամ` նրանց ներքին մղումների, կամ էլՙ ունեցած դիրքերը, լծակները չկորցնելու երաշխիքը դա են համարել: Անկախ նրանից` որ գործոնն է դեր կատարել, գործ ունենք յուրատեսակ չարորակ գոյացության հետ:
Եթե դա ՀՀԿ-ից եկած հրահանգ է, ապա իշխող այս կուսակցությունը վերջնականապես համոզում է, որ իր համար պետական կառավարման ոլորտում կուսակցական կրծքանշանի առկայությունն ավելի կարևոր է, քան անհատն իր մարդկային ու մասնագիտական որակներով:
Եթե վերջիններս անդամակցում են համոզմունքներից ելնելով, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ դա չէին անում մինչև նախարար դառնալը, երբ պահպանողական նժդեհականությունը հեգեմոնիա ուներ արդեն 13 տարի շարունակ: Իսկ եթե այս քայլը իրենց ապագայի հետ կապված պրագմատիկ հաշվարկների արդյունք է, ապա նրանք անուղղակիորեն հաստատում են, որ Հայաստանում ստասուս ձեռք բերելու, անձնական բարեկեցություն ապահովելու կամ թեկուզ «ազատ» ինքնադրսևորման հնարավորություն ունենալու միակ «ճիշտ» տարբերակը իշխանական մեծամասնության մաս դառնալն է:
«Երկիր»