Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը մթության քողի տակ բիրտ ուժ է կիրառել Մաշտոցի պուրակի խաղաղ ցուցարարների նկատմամբ

Մարտ 15,2012 10:11

 Ոստիկանության գործողությունները հակասահմանադրական են

 Սույն թվականի մարտի 14-ին, երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ, մթության քողի ներքո, ֆիզիկական ուժ է կիրառել Մաշտոցի պուրակում իրենց արդարացի բողոքն արտահայտող և միևնույն ժամանակ խաղաղ նստացույցի մասնակիցներիս հանդեպ` շրջափակելով վրանի տարածքը, քանդեցին և պատռեցին այն և բռնություն գործադրելու միջոցով` վրանում գտնվող ակցիայի մասնակիցներիցս մեկի նկատմամբ, առգրավվեց վրանը և վրանի մեջ գտնվող բոլոր իրերը` քնապարկերն ու ծածկոցները, հագուստ, ակտիվիսներից մեկի ակնոցը, անձնական պայուսակը և բաճկոնը: Ոստիկանական անօրինական, բիրտ և պատժիչ գործողություններն իրականացվել են մթության վրա հասնելուն պես և հանկարծակի՝ առանց նախազգուշացման:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այս սցենարն արդեն նախապես ուներ, ավելին ուներ նաև հրահանգ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակում ոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգսություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մեր հարցին, ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանեցին, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միևնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ` «էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք»:

Այնուհետև, այդ պահին, «Մետելիցա» սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3 արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գորգոռացին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, և 100-ից ավելի ոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակական կարգը խախտում էին միմյանց վրա գորգոռում և հայհոյում էին հասարակական վայրում:

Չէ որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանելու համար, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրող գործողությունների: Սույն դեպքը, թույլ է տալիս մեզ` քաղաքացիական հասարակության սուբյեկտներիս արձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին և ստոր քայլի, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր, քան ոստիկանների թիվը:

Մենք վրանը տեղադրել ենք 13,03,2012թ. նստացույցը սկսելու մասին հայտարարության օրը, որը, ըստ ՀՀ Սահմանադրության կրում է օրինական բնույթ և չի խախտում որևէ օրենք և այլոց իրավունքներ: Սակայն, ինչպես տեսնում ենք հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու:

Ու զավեշտալին այն է, որ այս քայլին ՀՀ ոստիկանությունը դիմում է այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում` հանրային կանաչ տարածքում ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կառուցվել և տեղադրվել են բուտիկներ:

Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում` երբ իր սահմանադրական իրավունքն իրականացնող և բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանց նախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը, նրան թողնելով դրսում սառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում: Մենք բղավում էինք, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվ հասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաև հրեցին մի լրագրողի, ով իր աշխատանքն էր կատարում պուրակում:

Այդպիսով ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար: Ոստիկանության գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական համազգեստով աշխատակիցների սադրիչ քայլերի, ովքեր վեճ հրահրելով, շեղել են հավաքի մասնակիցների ուշադրությունը վրանի տեղահանմանն ուղղված հարյուրավոր ոստիկանների բռնության գործադրմամբ գործողությունից:

Ոստիկանականության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալին հատուկ աշխատելաոճի կիրառման և ՀՀ Սահմանադրության բացահայտ և անամոթաբար ոտնահարման մասին: Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին անգամ վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության և իրապահ համակարգի պատասխանատուները:

Ոստիկանական բռնությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամայական և սուբյեկտիվ հայտարարություն է տարածել դեպքի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բռնության մասին լուրին արձագանքելով՝ Մաշտոցի պուրակում հավաքի մասնակիցների թիվը եռապատկվել է: Քաղաքացիները որոշել են, չնայած ոստիկանության նենգ ու բռնի գործողություններին, շարունակել անժամկետ նստացույցը և պատասխանատվության կանչել անօրինականություն իրականացնողներին:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, Մաշտոցի այգու պաշտպանների անունից հայտարարում ենք.

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև որ կապամոնտաժվեն անօրինական կառույցները Մաշտոցի հանրային զբոսայգուց:

Դիմում և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ ոստիկանության պետին Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների և նրանց գործողությունները ղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող և կատարող անձանց:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը»  քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031