ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր ամենօրյա մամուլի ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի Իրան կատարած այցին:
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հայկական ծառայության կողմից ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին ուղղված հարցում հիշեցրել է, որ Աբիևի Թեհրան կատարած այցի ընթացքում վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Ադրբեջանը պետք է օգտագործի ռազմական միջոցներ՝ իր տարածքը օկուպացիայից ազատելու համար», և Աբիևի այս պատասխանը չէր կարող մտահոգություն չառաջացնել հայերի շրջանում:
Ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե տեղյակ չէ այդ մասին:
Կարդացեք նաև
Վիկտորիա Նուլանդն անդրադարձել է նաև Բաքվում Միացյալ Նահանգների և Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կասկածանքով 22 մարդու ձերբակալության, որոնք մեղադրվել են Իրանի Հեղափոխական պահակազորի հետ կապեր ունենալու մեջ:
Արձագանքելով լրագրողի հարցին, Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետևում է այս զարգացումներին:
«Մենք համակարգում ենք այս տեղեկությունները Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության հետ: Ճիշտ ասած, դեռևս չունենք այս մարդկանց մասին ամբողջական պատկերը», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ձերբակալվել է 22 մարդ` Բաքվում Միացյալ Նահանգների և Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կասկածանքով։ Կասկածյալները ձերբակալվել են դեռևս հունվար ամսին:
Նախարարությունն այսօր հայտնել է, որ բոլոր կասկածյալները Ադրբեջանի քաղաքացիներ են, և մեղադրել է նրանց Իրանի Հեղափոխության պահակազորի հետ կապեր ունենալու մեջ։