Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Երեւանի մամուլի ակումբը 2011 թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 15-ը 6 հեռուստաալիքներում մոնիտորինգ է անցկացրել:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քողարկված գովազդներին, ասաց, որ ամենից շատ ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի ակցիաներն են քողարկված հեռարձակվել.«Նախընտրական քարոզչության պաշտոնական շրջանից շատ ավելի շուտ կուսակցությունները սկսել են իրենց քարոզարշավը, ունեցել ենք նյութեր, երբ բարեգործական ակցիաներ լուսաբանումը, ընտրողների հետ հանդիպումները ներկայացվել են մի քանի հեռուստաընկերություններում նույն սյուժեով, որը հիմք է տալիս մտածել, որ այդ նյութերը պատրաստվել են ոչ թե խմբագրությունների, այլ կուսակցությունների կողմից»:
Պարոն Նավասարդյանի խոսքերով, դա իրենց հիմք է տալիս մտածել, որ հեռուստաընկերությունները քողարկված քարոզչություն են անում: Նրա կարծիքով, նման ակցիաները միգուցե պետք է լուսաբանվեն, եթե հեռուստաընկերությունը նպատակահարմար է գտնում, բայց այդ նյութերում պետք է լինեն չեզոք՝ առանց կուսակցության ներկայացուցիչներին վերաբերող գնահատականների. «Մեր մշտադիտարկման արդյունքում որեւէ այդպիսի դեպք չենք արձանագրել՝ կապված Հանրապետական կուսակցության հետ»:
Նա ասաց, որ քողարկված գովազդների ցուցադրման առումով ոչ մի հեռուսաալիք բացառություն չի կազմել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ