Այսօր հայտնի դարձավ, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, մինչ այս ընդգծված ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին:
«Գուցե, Վիկտոր Դալլաքյանը չհամաձայնի ինձ հետ, բայց ես կարծում եմ՝ նա գիտակցում է, որ միայնակ, առանց իշխող կուսակցության աջակցության առաջիկա ընտրությունների ժամանակ ուղղակի ի զորու չէ պայքարել պետական ռեսուրսի դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իշխող կուսակցությանը անկախ պատգամավորի անդամակցությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Այսինքն, առանց ՀՀԿ-ին անդամակցելու Դալլաքյանն այլեւս պատգավոր դառնալու հույսեր չպե՞տք է փայփայեր: Մեր այս հարցադրմանը Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Հայաստանում մեծամասնական ընտրակարգով, եթե իշխանությունը չուզենա, անգամ Քիմ Քարդաշյանն իր բոլոր բարեմասնություններով հանդերձ չի կարող ընտրվել»: