Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տաշի-տուշին » չէ, որ կզարգացնի երեխային. Կարծում է Աշոտ Բլեյանը

Մարտ 14,2012 21:24

«Երեխաների մեջ հետաքրքրություն է առաջանում տիեզերագիտության, հրթիռաշինության նկատմամբ: Այսօր հայ ընտանիքներում գերապատվությունը տալիս են պար-մարի, տաշի-տուշիի, բայց դա ի՞նչ: Պատրաստելով տարատեսակ իրեր, թռչող սարքեր, որոնք դժվար եւ աշխատատար գծագրեր են պահանջում, երեխան իր մեջ զարգացնում է երեւակայությունը, ստեղծագործելու կարողությունը»,-ասում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը:

Այսօր` մարտի 14-ին, կրթահամալիրի Մեդիակենտրոնում անցկացվեց կրթահամալիրում գործող պատանեկան բաց ակումբների հավաք-ցուցադրությունը: Հավաքի ընթացքում կայացավ կրթահամալիրի եւ «Կրթասեր» հասարակական կազմակերպության «Տիեզերք» պատանեկան ակումբի աստղացուցարանի պաշտոնական բացումը: Ակումբի ղեկավարները ներկայացրեցին պատանիների շրջանում տիեզերագիտության նկատմամբ հետաքրքրության տարածման իրենց պատկերացումները: Աստղացուցարանը (պլանետարիում) «Տիեզերք» պատանեկան ակումբին նվիրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ իր «Հեռանկար» կրթական ծրագրի միջոցով:  «Հեռանկար» կրթական ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանի խոսքով` նախաձեռնությունը ողջունելի է եւ խրախուսելի. «Առաջին հերթին սա հանդիսանում է շատ կոմպակտ՝ չզբաղեցնելով մեծ տարածք եւ մյուս կողմից շատ մոբիլ է ու հնարավոր է 20-25ր հավաքել եւ տեղափոխել ցանկացած վայր, որտեղ ամենակարեւորը հագեցած է կրթական ծրագրերով»,-ասում է նա:

«Կրթասեր» ՀԿ նախագահ, աստղաֆիզիկոս,  Հասմիկ Նալբանդյանը կարծում է, որ կրթահամալիրում դեռեւս տեխնիկայի պակաս է նկատվում. «Օլիմպիական ճամբարների համար մեզ անհրաժեշտ են նաեւ շարժական աստղադիտակներ: Կարծում եմ` մեր բարերարը ուշադրություն կդարձնի նաեւ այս հանգամանքի վրա եւ կարճ ժամանակահատվածում կունենանք»:

Կրթահամալիրի սաներ Էմմա Կիրակոսյանը եւ Աիդա Գրիգորյանը մեծ ոգեւորվածությամբ են հաճախում դասերին: Նրանք կարծում են, որ այն գիտելիքները, որը ստանում են ուսումնառության ընթացքում շատ կարեւոր են հետագայում մասնագիտության ընտրության, դրանում հմտանալու եւ լիարժեք ՀՀ քաղաքացիներ դառնալու համար. «Եթե համեմատության մեջ վերցնենք նախորդ տարվա հետ, ապա աճը մեծ է: Նախորդ տարի դժվարանում էի ցանկացած նյութ գրելիս, այս տարի նման խնդրիներ չկան. արդեն հմտացել եմ»,-ժպտալով ասում է Էմման:

«Տիեզերք» ակուբի ղեկավար, երիտասարդ աստղագետ Լեւոն Արամյանը, կարծում է, որ աստղագիտությունը իր կարեւոր դերը կունենա ակումբի սաների ոչ միայն պրակտիկ ուսուցման  գործում, այլեւ հնարավորություն կստեղծի յուրաքանչյուրին գտնվել բաց տիեզերքում. «Ցավալի է, որ Հայաստանը, ժամանակին ունենալով աստղագիտական լավագույն դպրոց, զրկված էր աստղադիտարան ունենալու հնարավորությունից, այնինչ հարեւան Վրաստանում կամ Ադրբեջանում այն կար»,-ընդգծում է Արամյանը: Նա վստահ է, որ այն կծառայի իր նպատակին եւ շատերի մեջ, մեծ սեր եւ աշխատասիրություն կառաջացնի դեպի աստղագիտությունը:

Քրիստինա Միրզոյան

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031