Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն շոու-բիզնեսի «աստղերի» վրա խաղադրույք չի կատարում

Մարտ 14,2012 20:37

Այսօր հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հենց նախաշեմին ՀՀԿ-ն համալրվել է եւս մի քանի՝ մեր հանրությանը քիչ թե շատ հայտնի  անդամներով. ՀՀԿ անդամներ են դարձել ԱԺ անկախ պատգամավոր, մինչ այս ընդգծված ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ենթադրվում է նաեւ, որ ՀՀԿ համամասնական ցուցակում են լինելու երգչուհի Շուշան Պետրոսյանն ու նաեւ «դի ջեյ» «Վակցինան»:

Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս կուսակցությունում էլ զանգվածային անդամակցության գործընթաց կա՞, թե՞ ոչ, եւ արդյոք ՀՅԴ համամասնական ցուցակում մեր հանրությանը հայտնի երգիչ կամ «դի ջեյներ» լինելո՞ւ են: «Մեր կուսակցության մասնակցությամբ նախկին որեւէ ընտրությունների փորձն ու պատմությունը բոլորին հայտնի է. ընտրություններից առաջ նմանատիպ երեւույթներ, գոնե, մեր կուսակցության պարագայում չեն եղել: Ես չեմ էլ կարծում, որ քաղաքական կուսակցությունն ընտրություններից առաջ պետք է իր գաղափարները տարածելու կամ քարոզչության խաղադրույքը, եթե կարելի է տվյալ դեպքում այս տերմինն օգտագործել, դնի երգիչների, երգչուհիների կամ արվեստի մյուս ճյուղերի իմ կողմից հարգված ներկայացուցիչների վրա: Եթե այս կամ այն արվեստագետն ունի  քաղաքական կամ գաղափարական որոշակի  հակվածություն կամ նախասիրություն՝ նա կամ այդ կուսակցության անդամը կամ համակիրն է լինում, եւ ընտրություններից առաջ չէ, որ այդ համակրանքը կամ անդամակցության պահանջը սրվում կամ չի սրվում: Մեզ կուսակցությունում նման երեւույթ չի նկատվում, եւ անկեղծ ասած՝ այս պահին մեր խնդիրների ու աշխատանքային գործընթացի մեջ դա չէ, որ կարեւորվում է, որ դրան էլ ուշադրություն դարձնեինք»,- մեր հարցադրմանն արձագանքեց Սպարտակ Սեյրանյանը:

Իսկ արդյոք հանրությանը հայտնի արվեստի գործիչների, մտավորականների ներգրավումը որեւէ կուսակցություն եւ առավել եւս նախընտրական համամասնական ցուցակ այդ կուսակցությունն ավելի գրավի՞չ է դարձնելու: Ըստ  դաշնակցական գործչի՝ «այս կամ այն կուսակցությո՛ւնը թող որոշի կամ գնահատի,  թե այս կամ այն արվետսագետի ներառումը կուսակցություն կամ համամասնական ցուցակ ի՞նչ կտա կուսակցությանն ու այդ արվեստագետին: Կարծում եմ՝ սա կոնկրետ կուսակցության եւ անձի խնդիրն են, եւ ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից»:

Այդուամենայնիվ, Դաշնակցության ներկայացուցչին նաեւ հարցրինք՝ թե համաձա՞յն է այն դիտարկումներին, որ ավելի լավ է ԱԺ-ում երգիչներ կամ արվեստի ներկայացուցիչներ, քան՝ մականունավորներ լինեն: «Իմ կարծիքով, ԱԺ-ում պետք է լինեն քաղաքական գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ժողովրդի մտահոգություններով եւ երկրի օրակարգով ապրող մարդիկ, ովքեր ունեն այսօր մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման առաջարկներ ու տարբերակներ»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031