Այսօր Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանից հետաքրքվեց, թե, ի վերջո, ո՞ւմ նախաձեռնությամբ է պետական բնակարանաշինություն սկսվել Գյումրիում` նախագահ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի: Նշենք, որ այս օրերին ՀՀԿ-ական պաշտոնյաները դա գյումրեցիներին մատուցում են որպես նախագահի նախընտրական քարոզարշավի իրականացում, իսկ ՕԵԿ-ականերն էլ` որպես Արթուր Բաղդասարյանի հայրենասիրության դրսևորում, ով իր նախընտրական ծրագրում անտուն «զեմլյակներին» բնակարան խոստացավ, իշխանություն դառնալն ու իրականացնելը մեկ եղավ: «Ես առհասարակ լուրջ չեմ վերաբերում Ազգային ժողովին և նման խոստումներին, սա ընդամենը պետք է համարել ժողովրդին ունեցած պարտքի 1 տոկոսի մարում, այն, ինչ արել են աղետի գոտու բնակիչների հետ, էս բնակարանաշինությունը ընդամենը մի փոքր մասն է, որը փոխհատուցում են ժողովրդին` 23 տարի մարդկանց սպանելուց հետո: Իսկ իրենք կարող են իրենց մազերի գույնն էլ նախընտրական քարոզչության թեմա դարձնել, բայց մարդիկ արդեն հիմար չեն, ո՞վ է հավատացել, որ սա ՕԵԿ-ին է, Հանրապետականինն է կամ մյուսինն է , ոչ մեկն էլ չի հավատում:Եթե նկատել եք վերջին շրջանում բնակարան ստացողների դեմքերին ոչ մի գոհունակություն չի երևում, մարդիկ հասկացել են, որ իրենց 25 տարի տանջելուց հետո ընդամենը բնակարանի մի մասն են վերադարձնում», -ասում է Վահան Թումասյանը` գտնելով, որ այդ մարդկանցից նույնիսկ շնորհակալություն սպասելն է անբարոյականություն: «Ինչի՞ համար շնորհակալություն ասեն, շնորհակալ լինեն, որ 23 տարի տանջեցիք, սպանեցիք, հիվանդության տեր դարձրեցի՞ք»,-զարմանում է մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ