Տավուշի մարզում փոքր, սուղ բյուջեով, հոգսաշատ համայնքի ղեկավար ընտրվելը չի հրապուրում: Որոշ գյուղապետեր մի մրցակցի առկայությամբ կամ առանց մրցակցության՝ ավելի քան մի տասնամյակ պաշտոնավարում են:
Ադրբեջանից փախստականներով բնակեցված, 396 բնակիչ ունեցող Հովքն արդեն 16 տարի ղեկավարում է 58-ամյա Յուրիկ Ցուգունյանը: Նա հինգ անգամ անընդմեջ գյուղապետ է ընտրվել:
Ցուգունյանը միայն 1996թ.-ին է մի մրցակից ունեցել, հետո առանց մրցակցության վերընտրվել է: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ գյուղի տների քառորդ մասի դռները փակ են, բնակիչները գաղթել են Ռուսաստան:
Հովքի 164 տներից 92-ը սողանքից 3-5-րդ կարգի վթարայնություն ունի: Կյանքն այստեղ կարծես կանգ է առել: Հովքում Ծուղունյան տոհմից, իրար հարազատ մի քանի ընտանիք է ապրում: Նրանց կեսը (այդ թվում նաեւ` համայնքի ղեկավարը) Ադրբեջանից բռնագաղթելուց 24 տարի անց պահպանում է ադրբեջանական անձնագրերում գրված, ազգանվան ոչ հայեցի ձեւը` Ցուգունյան: Օրենսդրական փոփոխությամբ ընտրությունները կայացած են համարվում, եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու: Ուստի առաջիկայում Հովքում հարկ կլինի գյուղապետի թեկնածու գտնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ