«Բոլոր երեք կետերը, որոնք որպես առավելություն ներկայացրեց Սերժ Սարգսյանը, ցույց են տալիս, որ ոչ մի առաջընթաց չկա եւ մենք բազմիցս ասել ենք դրա մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀԿ 13-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում՝ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին, ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
«Սերժ Սարգսյանն, ինչպես նաեւ Էդվարդ Նալբանդյանը մշտապես նշում են, որ հիմա պաշտոնական մակարդակում որեւէ կոնտակտ չկա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այսինքն, այդ Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, որ այսօր ամենացածր մակարդակի վրա են երկկողմ հարաբերությունները եւ ոչ մի վստահություն, ոչ մի կոնտակտ չկա կողմերի միջեւ»,- ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նախկինում երբեք նման իրավիճակներ չեն եղել: Ավելին, ինչ-որ մակարդակների շփումներ, ինչ-որ հույսեր միշտ եղել են, մինչդեռ այսօր գործընթացն ամբողջությամբ փակուղում է, դրան նպաստում են նաեւ թե Թուրքիայի, թե Հայաստանի իշխանությունների այնպիսի կեցվածքը, որը բացառում է որեւէ շփում պաշտոնական Երեւանի եւ Անկարայի հետ: Այս համատեքստում Կարապետյանը նշում է նաեւ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում տեղի ունեցած աննախադեպ հակահայկական հանրահավաքը՝ դա նույնպես Սերժ Սարգսյանի՝ թուրքական ուղղությամբ վարած քաղաքականության արդյունք համարելով, որը հասցրեց երկկողմ հարաբերությունների նման սառնության, ինչպես նաեւ դրանց կարգավորման հեռանկարին:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, Վլադիմիր Կարապետյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ 2008-ի նախընտրական ծրագիրը, որում ասվում է, որ իր նախագահության տարիներին փորձելու են հասնել նրան, որ կարգավորումը լինի այն սկզբունքներով, որոնք հնարավորություն կտան Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ընդհանուր սահման ունենալ: «Այս ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, որեւէ առաջընթաց չկա եւ ավելին, մի քանի հրապարակումով մենք խոսում ենք ինչ-որ միջանցքների մասին՝ ցույց տալով, որ այդ խոստումից, փաստորեն, հետ ենք կանգնել»,- փաստում է Կարապետյանը՝ հավելելով, որ քաղաքական գործիչը պետք է պատասխանատու լինի իր խոստումների համար եւ այսօր իսկական ժամանակն էր, որ Սարգսյանը հիշեր իր խոստումը եւ ասեր, թե ի՞նչ է արել այդ ուղղությամբ: Նախագահի ելույթի այն հատվածին, որտեղ խոսվում է Ղարաբաղը լիիրավ կողմ դարձնելու մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչը հակադարձում է. «Դա ասում է մի անձնավորություն, ով ստորագրել է երեք փաստաթուղթ: Ես ուզում եմ ընդգծել, որ թե Քոչարյանը, թե Տեր-Պետրոսյանը՝ չնայած բազմիցս եղած առաջարկներին՝ Ալիեւների հետ ստորագրել փաստաթղթեր, նրանք մերժել են, քանի որ հարկ են համարել, որ փաստաթղթի տակ անպայման լինի ԼՂՀ-ի ստորագրությունը: Սերժ Սարգսյանն ուղիղ հակառակ է գնացել իր ասածին: Բացի այդ հիմա սեղանին մի փաստաթուղթ է՝ Մադրիդյան սկզբունքները, որը հաստատվեց ԵՄ փետրվարի 27-ին ընդունած փաստաթղթով, որում նախատեսված չէին Ղարաբաղի որեւէ կերպ հավասարի մակարդակով մասնակցությունը: Առհասարակ, այդ փաստաթղթում չկա որեւէ դրույթ, որը կվկայեր, որ թեկուզ ապագա բանակցություններում Ղարաբաղը կարող է մասնակցել, որպես լիիրավ կողմ: Մադրիդյան սկզբունքների ընդունումից 4,5 տարի է անցել, բայց մենք նույն վիճակում ենք գտնվում: Ոչ մի բան չի արվել այս ուղղությամբ, իրենց խոստումներն էլ ձախողել են, ամեն ինչ հակառակ խոստումների է արվել այս իշխանությունների կողմից»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ