Վերջին շրջանում ՀԱԿ-ի հանրահավաքներին Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցում եւ սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Լուրեր են շրջանառվում, որ վերջին հանրահավաքին, երբ Լեւոն Տեր-Պետորոսյանը զանգել է պարոն Սուքիասյանին ու խնդրել, որ գա, նա ի պատասխան` ասել է «մի անգամ կրակի մեջ ընկա, էլ երկրորդ անգամ չեմ ընկնի»` նկատի ունենալով, թե երբ կանգնեց նախագահի կողքին` ինչ խնդիրների մեջ ընկավ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ պարոն Սուքիասյանը մեկնաբանեց. «Ես որոշում եմ` այսօր գնում եմ հանրահավաքի, որոշում եմ` չեմ գնում: Երկրորդ` Հայաստանում լինեմ` կլինեմ հանրահավաքի: Շահարկում ի՞նչ է նշանակում»:
Մենք փորձեցինք ճշտել` այսինքն այնպես չի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նեղացել է ձեզնից, զանգել-ասել է եւ չեք գնացել. «Ոչ ես եմ Լեւոն Տեր-Պետրոսյանից նեղացել, ոչ էլ ինքը ինձնից: Ես երեկ իր հետ եմ եղել, հանդիպել եմ իր հետ: Ես երբ գալիս եմ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միշտ հանդիպում եմ, ո՞վ պետք է ինձ զանգի:
Ես տնտեսական քաղաքականության մասնագետ եմ, ինձ շատ դեպքերում պետք է լինում տարբեր երկրներում լինել: Մի շատ լավ խումբ էի ստեղծել եւ նրանց հետ շատ լավ աշխատում էինք, շատ մեծ բավականություն էի ստանում: Եթե իմանաք՝ ինչ կարգի համակարգերի մասին է խոսքը, դուք էլ բավականություն կստանաք: Այնպես չի ստացվել, որ ես այդ օրերին այստեղ լինեմ` գամ: Օրինակ, ուզում էի այս անգամ մարտի 1-ին լինել` չստացվեց: Գնացել էի մի 5 օրով, հետո պետք է գայի, այդ օրն ասեցին այդ մի ուղղությամբ չկա: Դե լավ, ասեցի: Կմասնակցեի, ես ՀԱԿ-ի անդամ եմ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «կրակի մեջ ընկնելուն»` պարոն Սուքիասյանը հերքեց դա` ասելով. «Ցանկացած բան գիտեն բոլորը՝ ոնց է տարածվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ