Երեւանի մամուլի ակումբը ամփոփել է 2011 թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում անցկացրած մոնիտորինգի արդյունքները: 6 հեռուստաալիքներում կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ քաղաքական ուժերի 0 տոկոս լուսաբանում է գրանցվել միայն «Շողակաթ» հեռուստաալիքում, իսկ մնացած 5 հեռուստաընկերություններում` Հ1, «Շանթ», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հ2 արձանագրվել են գնահատականներ քաղաքական ուժերի նկատմամբ:
Այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներին մոնիտորինգի արդյունքները ներկայացնելիս, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ 2006 թվականի ու այս տարվա խորհրդարանական ընտրությունների միջեւ մեծ տարբերություն չկա. «Նույն խնդիրներն ու երեւույթներն են, որ կային 2006-ին, կան նաեւ այս ընտրություններին»:
Պարոն Նավասարդյանն ասաց, որ նախընտրական քարոզչության շրջանում օրենքով կարգավորման բացակայությունը որոշակի խնդիրներ է առաջացնում,ու որոշ քաղաքական ուժեր օգտվելով դրանից, ոչ միայն տարբեր ակցիաներ են մինչեւ ընտրություններն անցկացնում, այլեւ երբեմն քողարկված գովազդներ են հեռարձակում. «Լավ գիտենք, որ նախընտրական պաշտոնական շրջանը 4 շաբաթ է, բայց կուսակցությունները նախընտրական պայքարը շատ ավելի վաղ են սկսում: Մեկ այլ խնդիր էլ կա, եթերում բավականին շատ գնահատականներ պարունակող նյութեր կան»:
Նրա խոսքերով, ուսումնասիրված 6 հեռուստաընկերություններում լուսաբանումների ընթացքում, 10 տոկոսով նյութերը գնահատականներ են պարունակել եւ Հանրապետական կուսակցությունը առավելություն ունի բոլոր հեռուստաալիքներում:
Կարդացեք նաև
Մշտադիտարկման օբյեկտ դարձած Ազգային ժողովրդավարների դաշինքին լրատվամիջոցները քիչ են լուսաբանել` 0 տոկոս լուսաբանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ