Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուքիասյանը` ռեհանի բիզնեսի, գործարարների եւ իր նոր առաջարկի մասին

Մարտ 14,2012 16:21

ՀԱԿ-ը հայտարարել է, որ քաղաքականությունն ու գործարարության համատեղումն անթույլատրելի են: Այնուամենայնիվ, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին Կոնգրեսն աջակցում է, եւ նա առաջադրվել է մեծամասնականով: Այս առնչությամբ այսօր ասուլիսում պարոն Սուքիասյանը նշեց, որ ՀԱԿ-ը նկատի ունի այն գործարար մարդկանց, որոնք մենեջմենթի մեջ են աշխատում. «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում բոլորը բաժնետերեր են, մինչեւ անգամ նախագահներ, վարչապետներ, նախարարներ, պատգամավորներ, բայց այնտեղ բաժնետերերը մասնակցություն չունեն կառավարման մենեջմենթին: Հայաստանում շատ ժամանակ մասնակցում են կառավարմանը: Այնպիսի մարդիկ են պետք, որ կապ չունենան»: Ինչ վերաբերում է իրեն, պարոն Սուքիասյանը վստահեցրեց, որ գործարարությամբ չի զբաղվում վաղուց. «Ինչ Սահմանադրությամբ արգելվեց, առաջինը ես հրաժարվեցի, մեծ ընտանիք ունեմ, եղբայրներ ունեմ, խորհրդակցել հնարավոր է, սուրճ խմելուց, ասենք, խոսում եմ, ես իմ կարծիքն եմ հայտնում, բայց ես չեմ պարտադրում իմ կարծիքը: Ես սեփականատեր եմ եւ ավելի շատ սիրում եմ օրենսդրական գործունեությունը, տնտեսական քաղաքականությունը: Ես ավելի մեծ հաճույք դրանից եմ ստանում: Շատ լավ պատկերացնում եմ, օրինակ, բրենդների զարգացումը»:

Լրագրողները հետաքրքրվեցին պարոն Սուքիասյանի նոր բիզնեսից` ռեհան եւ մասուր արտահանումից. «Գիտե՞ք դա ոնց է եղել, քանի որ Եվրոպա շատ եմ գնումգալիս, շատ ընկերներ ունեմ, ասացինք, որ Հայաստանում ավելի որակով արտադրանք կա, նրանք կապվեցին այն ընկերության հետ, որը արտադրում էր: Այո, խորհուրդներ տալ պետք էր, որ արտաքին տեսքն ինչպիսին պետք է լինի, փաթեթավորումը: Եվ հաջողություններ այդտեղ կան: Ես դրա հետ կապ չունեմ, պարզ է՝ կկապեն, այդ գործարանը մեր ընտանիքի սեփականություններից մեկն է»:

Հարցին` ի՞նչ կարծիքի եք գործարարների ԱԺ մտնելու մասին` պարոն Սուքիասյանը պատասխանեց, որ շատ դրական. «Կուզենամ, որ տեղեկացված լինենք, թե այսօր ինչ մարտահրավերներ կան` ճգնաժամի արդյունքում, եւ ես կարծում եմ՝ իրապես տնտեսական գործիչների հայտնվելը ԱԺում միմիայն դրական է: Ցանկալի կլինի, որ տնտեսվարողների մեջից ավելի գրագետները հայտնվեն, միանշանակ պետք է, որ տնտեսությունը պատկերացնող մարդիկ լինեն: 10 տարվա փորձը ցույց տվեց, որ մենք խնդիրներ ենք ունեցել, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ չի կայացվել: 20 տարվա մեջ ոչ մի անգամ մենք կտրուկ թռիչքներ չենք ունեցել տնտեսության որեւէ ճյուղում»:

Այս ընթացքում, ինչ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը, լուրջ ուսումնասիրություններ է կատարել ու պարզել, թե ինչը կարող է փրկել մեր տնտեսությունը. «Ես պարզեցի, որ հարկային փաթեթի եւ այլ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրել: Հենց ԱԺ մտնեմ, պետք է սկսվի մի գործընթաց, որ ամբողջ հարկային փաթեթը մի կողմ դրվի եւ նոր փաթեթ գրվի, որովհետեւ այնտեղ տողատակեր կան, երկիմաստ կետեր` մեկը մյուսին հակասող: Կա ոլորտ, ես ամեն ինչ անելու եմ, որ այդ ոլորտում լինի զրոյական հարկում եւ դրանով ամեն ինչ անելու եմ, որ մնացած ոլորտները զարգանան: Նկատի ունեմ առեւտուրը, ուսումնասիրել եմ մինչեւ անգամ, թե մաքսայինում դրանք ինչ կոդերի տակ են եւ հասկացել, թե բյուջեի վրա դա ինչքան կնստի: Հնարավոր է՝ բյուջեն թեկուզ 200-300 մլն դրամ ցածր լինի, բայց մենք նպաստենք տնտեսության զարգացմանը եւ ինչոր ժամանակ հետո այդ 300-ից ավելի հավաքենք»:

Վերջում պարոն Սուքիասյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, նշեց, որ իր անձի համար դրական է գնահատում այդ դեպքերը. «Ես պետք է ինչոր մի այդպիսի ճանապարհ անցնեի, այդ դժվարությունները տեսնեի: Հնարավոր է՝ ես ավելի հմուտ մեկը դարձա, ավելի լավ սկսեցի պատկերացնել սխալները, որոնք որ կան, հիմա ավելի հաճույքով եմ պատրաստ փոփոխություններ անել Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031