Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաթեմատիկոս. բարդ դասագրքերը` կրթության զարգացման միջոց

Մարտ 14,2012 16:13

Մարտի 14-ը մաթեմատիկոսների օրն է: Դպրոցներում մաթեմատիկայի դասավանդման, մաթեմատիկական դասագրքերի եւ ոլորտում առկա խնդիրների մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում զրուցեցին Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ, դասագրքերի հեղինակ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Սարիբեկ Հակոբյանը եւ «Մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր, դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը:

«Վաղ ժամանակներից մաթեմատիկան կարեւոր նշանակություն է ունեցել քաղաքակրթությունների զարգացման, մարդկային մտածողության, անգամ` գեղագիտական եւ ազգային արժեքների ձեւավորման գործում: Այդ առումով այսօր իրավունք չունենք մատների արանքով նայել մաթեմատիկական կրթությանը, որովհետեւ մենք ունենք խելացի երեխաներ, բայց նրանք հաճախ ընտրում են դրսից առաջարկվող լավ ճանապարհը»,- նշեց Հ. Միքայելյանը եւ հավելեց, որ մաթեմատիկական կրթության բարելավման հարցում մեծ դեր ունեն դասագրքերն ու ուսուցչակազմը: Հարցի շուրջ Ս. Հակոբյանն ասաց, որ ոլորտի մակարդակը կարգավորվում է «Թիմս» միջազգային ստուգատեսի` եվրոպական դպրոցներում գործող չափորոշիչներով. «2003թ.-ի համեմատ` մաթեմատիկայի բնագավառում աճ է գրանցվել, եւ դպրոցների մաթեմատիկական պատրաստվածության մակարդակը համապատասխանում է միջին ցուցանիշին: Կրթության զարգացման պետական ծրագրում դա կարեւոր ձեռքբերում է համարվում»:

Միքայելյանի ձեւակերպմամբ՝ չնայած ԿԳ նախարարությունը գոհ է արդյունքներից, միաժամանակ առաջանում է հակասություն, քանի որ ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների շրջանում ակնհայտ դժգոհություն կան` բարդ եւ աշակերտի համար հաճախ անհասկանալի դասագրքերի շուրջ: Ս. Հակոբյանն այդ հակասությունը համարում է կրթության զարգացման միջոց. «Նախորդների համեմատ` այժմյան գրքերը ծանրաբեռնված չեն: Ճիշտ է, դրանցում ներառված է ամբողջ նյութը, բայց ուսուցիչն ինքը պետք է կողմնորոշվի, թե դրա որ մասն է ուղղված բոլոր աշակերտներին, եւ որը` նրանց, ովքեր մաթեմատիկան սովորելու առավել մեծ կարողություններ ունեն»: Խոսելով 12-ամյա կրթությունից` Հ. Միքայելյանը նշեց, որ, ըստ երեւույթին, դա չի տարբերվում նախկին` տասնամյա կրթությունից. «Պարզ հաշվարկ է. եթե առաջ տասը տարվա մեջ մաթեմատիկան անցնում էինք շաբաթական 6 օր, հիմա անցնում ենք 12 տարի` շաբաթական հինգ օր»: Պրոֆեսորի կարծիքով` դասագրքերն առաջնահերթ պետք է հետաքրքրություն առաջացնեն. «Նախարարությունը շատ գոհ է Նիկոլսկու հեղինակած 7-րդ դասարանի դասագրքից, բայց Նիկոլսկին 107 տարեկան, կրթությունից հեռու մարդ է, եւ այդ դասագիրքը կրթական խնդիր չի լուծում: Սովետական կրթական համակարգը պատրաստում էր լավ մասնագետների, բայց ոչ` լավ մարդկանց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031