Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Խաչատուր Սուքիասյանը վայր դրել մանդատը եւ ինչու է վերադառնում (Տեսանյութ)

Մարտ 14,2012 15:54

«Ինչու ժամանակին հրաժարվեցի մանդատից եւ այսօր ինչու եմ առաջադրվում պատգամավորի թեկնածու. նախ, այն մթնոլորտը, որը ստեղծվել էր՝ այնտեղ հնարավոր չէր լինի նախատեսված ծրագրերն առաջ տանել եւ ընդհանրապես հնարավոր չէր լինի աշխատել: Իսկ այսօր այնպիսի հնարավորություն է ստեղծվել, որ հնարավոր է թիմակիցներով հայտնվել ԱԺ-ում եւ անել այն, ինչի ցանկությունը ունենք՝ նպաստել Հայաստանի մրցունակությանը»,- այսօր հրավիրած ասուլիսում մեկնաբանեց թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը: Նա հաշվարկել է, որ առջեւում ընտրություններ չկան եւ միայնակ ոչինչ անել չի կարող. «Իսկ այսօր արդեն այդ հնարավորութունը ստեղծվել է, ես հասկացա, որ այն հակակշիռը, որը պետք է իշխանությանը՝ ՀԱԿ-ն է»:

Aravot.am-ի հարցին, թե որքա՞ն եք գնահատում նույն ընտրատարածքում առաջադրվող մրցակցի` Գարեգին Նուշիկյանի շանսերը, եւ չե՞ք կարծում, որ Հրազդանի ընտրությունների օրինակով, մենք այլ արդյունքներ կտեսնենք` պարոն Սուքիասյանը պատասխանեց, որ Երեւանի կենտրոնում հնարավոր չեն կեղծումներ. «Երեւանում առավել հասուն մարդիկ են բնակվում, եւ կարծում եմ, այն թիմը, որը ունեմ ձեւավորված, որոնք փորձ ունեն՝ ընդհանրապես չեմ մտածում, որ այդպիսի գործողություններ կամ անօրինականություններ կլինեն, դա ես բացառում եմ, իսկ եթե կլինեն, կտեղեկանանք: Ինչ վերաբերում է մրցակցի շանսերին` իմիջմեյքերական կառույց դեռ չունենք, բայց կգա ժամանակը համապատասխան կառույցները կկարողանան իրենց գնահատականը տալ, թե ում շանսերը ինչքան են: Ես ցանկացած առաջադրվող պատգամավորի թեկնածուի հաջողություն եմ մաղթում»:

Հարցին, թե չե՞ք մտահոգվում, որ Նուշիկյանը կարող է օգտագործել իր կապերը, հայտնի է գլխավոր դատախազի հետ ունեցած խնամիական կապերով, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Ինձ միայն մի հարց է մտահոգում, որ գլխավոր դատախազն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, ոչ էլ «Նիգ Ապարանը»:

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ինքն անկուսակցական է, ՀԱԿ անդամ եւ չի պատրաստվում իր ընկերական կապերը խզել այն մարդկանց հետ, որոնք այլ կուսակցություններում են. «Այդ ընկերների հետ կապը մնացել է, նրանց ես հարգում եմ, նրանց հետ ես աշխատելու եմ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից»:

Հարցին մտադի՞ր եք ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին, որը եղավ 2008-ին` պարոն Սուքիասյանը հերքեց, որ երբեւէ ֆինանսապես աջակցել է ՀԱԿ-ին. «Ես այն քաղաքական-տնտեսական գործիչն եմ, որը պետք է ոչ թե ֆինանսապես աջակցի, այլ իմ ունեցած պոտենցիալով: Ինձ էլ իմ համախոհները պետք է աջակցեն ոչ թե ֆինանսապես: Ինձ դուր էլ չի գալիս, որ ինձ պետք է դիտեն որպես ֆինանսապես աջակցող: Ես որպես Խ. Սուքիասյան եղել եմ այդ շարժման անդամը»:

ՀԱԿ-ի համամասնական ցուցակում լինելու հարցը պարոն Սուքիասյանը թողել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանը. որպես առաջնորդ՝ նա կորոշի: Իսկ թե ովքե՞ր կարող են հայտնվել ապագա խորհրդարանում, պարոն Սուքիասյանի կանխատեսմամբ` ՀԱԿ-ը կլինի, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հնարավոր է եւ Դաշնակցությունը. «Ներսի ուժերից կարող է որոշակի փոփոխություն լինի եւ 1-2-ը չհայտնվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031