Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Ռոման Ամոյանի հետ գոտեմարտում ադրբեջանցին փողոցի կռիվ էր անում»

Մարտ 14,2012 15:43

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գոհ է Եվրոպայի առաջնությունում իր սաների մրցելույթներից. «41 երկրների պայքարում մեր ընտրանին թիմային հաշվարկով զբաղեցրեց 5-րդ տեղը` նվաճելով 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Եվ եթե չլիներ Ռոման Ամոյանի գոտեմարտում խայտառակ մրցավարությունը, նա եւս կպայքարեր մեդալների համար ու մեր ընտրանին ի վիճակի էր նաեւ թիմային 2-րդ տեղը զբաղեցնել»:

Անդրադառնալով Ռոմանի եւ ադրբեջանցի Էլչին Ալիեւի գոտեմարտին` Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ այն տհաճ երեւույթ էր ամբողջ Եվրոպայի առաջնության համար. «Մրցագորգում ոչ թե հունահռոմեական ըմբշամարտ էր ընթանում, այլ ադրբեջանցու կողմից` փողոցային կռիվ, որն արգելված է ըմբշամարտի բոլոր կանոններով: Բոլորս էլ գիտենք, որ կա մրցավար, մրցավարական ժյուրի, որը պարտավոր է պատժել այդպիսի ըմբիշին: Բայց ստացվեց հակառակը: Հաշվի առնելով մեր մարզիկի ակտիվությունը, հնարքների գործողությունները եւ, ընդհանրապես, գոտեմարտի սկիզբը եւ ավարտը, հաղթանակն իրականում պետք է լիներ Ամոյանինը: Բայց տեղի ունեցավ հակառակը: Մարտից երեք վայրկյան առաջ մրցակցի մարզիչները բողոքարկեցին` պահանջելով իրենց ներկայացուցչին միավոր գրանցել: Եվ մրցավարներն այդպես էլ վարվեցին: Ըստ օրենքի՝ ես նույնպես բողոքարկելու իրավունք ունեի, ինչն էլ արեցի: Բայց գորգի մրցավարն ինձ դրա հնարավորությունը չտվեց, ինչը ՖԻԼԱ-ի օրենքների կոպիտ խախտում է, եւ  ինձ դեղին քարտ ցույց տվեց: Այնուհետեւ, մրցավարները, հասկանալով իրենց սխալը, որ  նման իրավունք չունեին, վերջում ընդունեցին մեր բողոքարկումը, բայց իրենց գործն արդեն արել էին: Ռոման Ամոյանը պարտվեց: Բայց այլ բան է, երբ պարտվում ես իրականում, այլ բան` երբ մրցավարների կողմնակալ մոտեցման ես պարտվում: Բնական է, որ Ռոմանը չէր ցանկանում մոտենալ, որպեսզի մրցակցի ձեռքը բարձրացնեին: Դա տեւեց մի քանի վայրկյան, սակայն Ամոյանն, այնուամենայնիվ, մոտեցավ: Այսքանից հետո մեր ըմբիշը պետք է սպասեր, ադրբեջանցու եզրափակիչ հասնելուն, որպեսզի ինքը 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք ստանա: Ադրբեջանցին նույն ձեւով, առանց միավորներ վաստակելու, մտավ եզրափակիչ եւ այնտեղ էլ հաղթող դարձավ: Սակայն այդ ընթացքում ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին մեր չարաբաստիկ գոտեմարտից հետո պատժեց մրցավարներին եւ…  կարգուկանոնին չենթարկվելու համար նաեւ` որակազրկեց Ռոման Ամոյանին ու նա չմասնակցեց հետագա պայքարին»:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոման Ամոյանը, որ Լոնդոնում մեր գլխավոր հույսերից է, այնպես պատժվի, որ օլիմպիական վարկանիշային մրցումներին չմասնակցի, հետեւաբար, օլիմպիական խաղեր էլ չմեկնի, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Մեկ շաբաթից կայանալու է ՖԻԼԱ-ի բյուրոյի նիստ, որտեղ էլ ամեն բան կորոշվի: Բայց չեմ կարծում, որ բյուրոն նման բան կանի` Ռոման Ամոյանի նման մարզիկին, որն իր քաշային կարգում աշխարհի լավագույններից մեկն է, զրկի այդ հնարավորությունից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031