Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու երկրաշարժից անօթևաններին բնակարաններով ապահովելու համար ևս 1200 բնակարանի կառուցման անհրաժեշտության մասին

Մարտ 14,2012 14:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Դիմում-ուղերձ

Գյումրու երկրաշարժից անօթևանների հերթացուցակում հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ընթացիկ տարում ևս 1200 բնակարանի կառուցման անհրաժեշտության մասին

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ

Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիում հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, որոնցից 1040-ը բաշխվեց հաշվառված անօթևան ընտանիքներին, իսկ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագործվելիք 1756 բնակարաններից 1754-ը մայիս ամսին է նախատեսվում բաշխել անօթևանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` նախորդ ամիս ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում հնչեցրած տվյալների համաձայն, բնակբաշխման հանձնաժողով ներկայացված 2569 ընտանիքների փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրությունների արդյունքներով 138 ընտանիքներ տարաբնույթ պատճառներով չեն ճանաչվել շահառու: Ի դեպ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն նրանց մի մասը պատրաստվում է իրենց բնակարանային իրավունքները պաշտպանել դատական կարգով: 67 գյումրեցի անօթևան ընտանիքների բնակապահովման հարցն էլ հետաձգվել է ավելի ուշ ժամկետների` հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմի բացակա լինելու պատճառով: Ներկայումս նրանց մի մասը վերադառնում են Հայաստան բնակբաշխման գործընթացին մասնակցելու նպատակով: Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքներ էլ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել բնակբաշխման հանձնաժողովին: Այդ ընտանիքները հիմնականում բազմանդամ են, ապրում են տնակներում և պարզապես խնդիրներ են ունեցել պահանջվող փաստաթղթերի համալրման գործում: Աղետի գոտում ընթացող բնակարանաշինության այս ծրագրի շրջանակներում հերթացուցակում հաշվառված 294 այն անօթևան ընտանիքներին, որոնք երկրաշարժի հետևանքով կորցրել են սեփական տներ կամ ենթակա են դրամական փոխհատուցման, չթույլատրվեց մասնակցել  բնակբաշխման գործընթացին: Նաև նշենք, որ Գյումրու քաղաքապետարանում կան լրացուցիչ հաշվառված շուրջ 200 ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և մինչև օրս չեն փոխհատուցվել, սակայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը չեն կարողացել պահանջվող փաստաթղթերը ներկայացնել քաղաքապետարան և հաշվառվել անօթևանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ

Վերը նշված թվային վերլուծությունը, մեր դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, 2010 թ.-ին շահագործված 1056 և ընթացիկ տարում շահագործվելիք 1756 բնակարաններից բացի, անհրաժշտ է կառուցել ևս 1200 բնակարան:

Մեր ունեցած տեղեկություններով` անօթևանների հերթացուցակում հաշվառված և բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ շահառու ճանաչված հարյուրավոր ընտանիքների, որոնց չի բավարարելու այս տարի շահագործվելիք բնակարանների քանակը, մտադիր եք տրամադրել բնակարանների գնման վկայականներ: Երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դա արդարացված ճանապարհ չէ և չի լուծում անօթևանության խնդիրը, ավելին` դառնում է արտագաղթի պատճառ: Երբ հարյուրավոր ընտանիքներ, ստանալով ԲԳՎ-ները եւ կեղծ գործարքներ կնքելով, գումարները ստացան, սակայն չդարձան բնակարանատերեր, նրանց մի մասը արտագաղթեց, իսկ մյուս մասը շարունակում է ապրել տնակներում` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևանի կարգավիճակում:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթևան, սակայն երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու և այլ պատճառներով շուրջ 3000 ընտանիք էլ հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ.

Համոզված ենք` Գյումրիում անօթևանության խնդիրը զգալիորեն կթեթևանա, եթե այս տարի իրականացվի ևս 1200 բնակարանի շինարարություն, և միայն այդ պարագայում կարելի կլինի հավատալ, որ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների հերթացուցակում հաշվառված անօթևան ընտանիքները ամբողջովին կփոխհատուցվեն, եթե ոչ մինչև 2013 թ.-ը, ապա` 2013 թ.-ին:

Սույն դիմում-ուղերձը պատրաստվել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից և ընդունվել` փետրվարի 14-ին Գյումրիում գործող 32 հասարակական կազմակերպությունների, լրագրողների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Դիմում-ուղերձին միացել են հետևյալ հասարակական կազմակերպությունները

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Բիոսոֆիա» առողջապահության , բնապահպանության և գյուղատնտեսական զարգացման կենտրոն ՀԿ

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյու»  ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Կրթության ասպարեզ» ՀԿ

«Մենք պլյուս» սոցիալական ՀԿ

«Անի»  հաշմանդամ երեխաների ՀԿ

«Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ

«Նոր Սերունդ» մանկապատանեական և երիտասարդական ՀԿ

«Գյումրու Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ

«Սրբազան Հող» Բարեգործական ՀԿ

«Համայնքային նախաձեռնութ. և քարոզչության կենտրոն» ՀԿ

«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ 

«Երիտասարդ կանանց քրիստոնեական «Ֆլորա» ասոցիացիա» ՀԿ

«Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ

«Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ

«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ

«Կայունություն և առաջընթաց» ՀԿ

«Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ

«Գյումրիի կանայք, զարգացման կենտրոն» ՀԿ

«Նոյ» ինտելեկտուալ ստեղծագործության կենտրոն» ՀԿ

«Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ

«Շիրակ կենտրոն» ՀԿ

«Աջակից» բարեգործական ՀԿ

«ՀՀ Հաշմանդամների ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղ»  ՀԿ

«Լիության տուն» համայնքային կենտրոն ՀԿ

«Երրորդ բնություն» ՀԿ

Գյումրի «Անի» ՀԿ

«Ցոլինե» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան ՀԿ

«Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ» բարեգործական Շիրակի մարզային կառույց ՀԿ

«Շիրակի շահերի պաշտպանության և աջակցության  կենտրոն» ՀԿ

«Խորհրդատու» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031