Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազ» տված գնում ենք ու պատի դեմ առնում»

Մարտ 14,2012 13:36

Երիտասարդ գիտնական Արտյոմ Հովհաննիսյանը՝ գիտության ոլորտի խնդիրների մասին

«Երիտասարդ գիտնական» արտահայտությունն այսօր շատ է օգտագործվում, երբեմն էլ՝ շահարկվում: Ոմանք այդ «քողի» ներքո այսօր կարողանում են լավ աշխատանք, պաշտոն եւ համբավ ձեռք բերել, մինչեւ անգամ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից: Բայց կան նաեւ արժանավորները, որոնք հաճախ ստվերում են հայտնվում:

«Առավոտը» երիտասարդ գիտնականների առաջ ներկայումս ծառացած խնդիրների մասին զրուցեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Արտյոմ Հովհաննիսյանի հետ: Նա ամենամեծ թվով գիտական հղումներ ունենալու համար վերջերս Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացավ «Հայկյան» մրցանակի: Արտյոմ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ մինչ այդ չգիտեր էլ, թե ինչքան հղումներ ունեն իր հոդվածները. «Զարմացա, երբ պարզեցի, որ իմ 9 հոդվածները, որոնք տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում, ունեն 650 հղումներ: Այդ հոդվածները տպագրված են Physical rewiev, Physical letters D եւ այլ միջազգային պարբերականներում»: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ է տալիս «երիտասարդ գիտնական» կոչումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երիտասարդ գիտնական արտահայտությունը մենք վերցրել ենք արտասահմանից: Այնտեղ այդպես են անվանում մինչ եւ 35 տարեկան գիտնականներին, որոնք երեք անգամ անցել են գիտական փորձաշրջան, այսինքն՝ նշանակվել են երեք տարբեր գիտական պաշտոններում: Արտասահմանում այդպես են արժանանում երիտասարդ գիտնական, այնուհետեւ գիտնական կոչմանը՝ անընդհատ փորձարկվելով եւ ի վերջո մեկ հիմնական գիտական պաշտոն ձեռք բերելով»:

Համեմատելով այն հնարավորությունները, որ երիտասարդ գիտնականներն ունեն արտասահմանում եւ Հայաստանում՝ մեր զրուցակիցը նշեց. «Արտասահմանում աշխատավարձն էականորեն բարձր է, ավելին, երիտասարդ գիտնականը հնարավորություն ունի անվճար մասնակցելու տարբեր միջազգային գիտաժողովների: Ի տարբերություն Հայաստանի՝ այնտեղ գիտական թեզ պաշտպանելն ավելի դժվար է: Իսկ մեզանում, պատահում է, պաշտպանում են անձինք, ովքեր նույնիսկ ամբողջությամբ իրենց ատենախոսության թեման չգիտեն»:

Վերջին շրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպեց երիտասարդ գիտնականներին, լսեց նրանց խնդիրները: Արտյոմ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ առաջարկներ արե՞լ են նախագահին: Նա պատասխանեց. «Հայաստանում բոլոր խնդիրների հիմքում ֆինանսականն է: Մյուս կողմից էլ՝ ֆինանսական խնդիրների այսօր հասել ենք գուցե նրա համար, որ ժամանակին մեր պարտքը լավ չենք կատարել: Հույսներս դրել ենք մեկս մյուսի վրա: Այնինչ՝ արտասահմանում գիտնականը, իր անձնական պարտականություններից բացի, զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ: Օրինակ՝ ասպիրանտը կարող է լաբորատորիայի աղբի խնդրի համար պատասխանատու լինել, ջուր բերել, համակարգիչներին հետեւել եւ այլն: Իսկ Հայաստանում մտածում են՝ թող կառավարությունը մի բան անի՝ մենք լավ ապրենք: Այդ մոդելը փարավոնների ժամանակ էր աշխատում, երբ փարավոնը մի բան ասում եւ անում էր, մյուսները ստրկաբար ապրում էին: Հիմա բոլորս հավասար ենք, եւ երիտասարդ գիտնականը գիտնական լինելուց առաջ քաղաքացի է»: Դառնալով երիտասարդ գիտնականների ամենօրյա խնդիրներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մենք գազ տված գնում ենք առաջ, մեկ էլ պատի ենք դեմ առնում: Այդ պատը «չկա» բառն է: ՀՀ-ում հավատ էլ չի մնացել գիտության հանդեպ, քանի որ ժամանակին պորտաբույծ գիտնականները կողքից շատ են կերել»: «Առավոտի» մյուս հարցին՝ այսօր երիտասարդ գիտնական կոչմանը կամ կարգավիճակին արժանանալը վարկանիշայի՞ն է, Արտյոմ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշ մարդկանց մոտ դա վարկանիշային է: Օրինակ՝ աղջիկներ կան, որ սիրում են երիտասարդ տղա գիտնականներին: Բայց զոքանչների մեծամասնության մոտ դա վարկանիշային չէ, քանի որ նրանք մտածում են՝ ինչպե՞ս պետք է այդ երիտասարդ գիտնականն իր խղճուկ աշխատավարձով պահի իր աղջկան»:

 ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031