Լրահոս
Օրվա լրահոսը

Անկրկնելի «Սարոն» 100 տարեկան է դառնում

Մարտ 14,2012 13:33

Հարազատ թատրոնում:

Մարտի 16-ին լրանում է հայ մեծանուն երգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակը, ով ազգային օպերային թատրոնի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի: Նա կերտել է բազմաթիվ սքանչելի կերպարներ, այդ թվում՝ Սարո եւ Սանթուր (Տիգրանյան՝ «Անուշ», «Դավիթ- Բեկ»), Աշուղ եւ Շեյխ (Սպենդիարյան՝ «Ալմաստ»), Տիրիթ (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), Ռադամես (Վերդի՝ «Աիդա») եւ այլն: Բոլորն էլ ստեղծված են բարձր պրոֆեսիոնալիզմով ու աչքի են ընկնում ինքնատիպությամբ, սակայն շատերի կարծիքով չգերազանցվածը Ավագ Պետրոսյանի Սարոն է: Մասնագետներն այն որակել են երգչի բեմական գործունեության իրական գլուխգործոց: Օրինակ, արվեստաբան Մարգարիտա Տեր-Սիմոնյանի խոսքով. «Ավագ Պետրոսյանի Սարոն կերպարի հետ այնպիսի խորությամբ եւ ինքնատիպությամբ է սերտաճել, որ օպերային հերոսն ու մարմնավորողը մեկտեղվել են ու ունկնդիրների մոտ անբաժանելի դարձել»: Ի դեպ, Ավագ Պետրոսյան-Սարոն երեւանյան բեմ է բարձրացել 600 անգամ: Երգիչը հաջողությամբ հանդես է եկել նաեւ որպես կամերային երգարվեստի կատարող ու ժողովրդական ստեղծագործությունների հրաշալի մեկնաբան: Արվեստագետի համերգային երգացանկի ավելի քան 200 ստեղծագործությունների թվում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, Սաթյանի եւ այլոց ստեղծագործությունները:

Ավագ Պետրոսյան-Սարոն՝ Գոհար Գասպարյան-Անուշի հետ:

Մի առիթով անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն ասել է, թե իրեն Հայաստան է բերել Ավագ Պետրոսյանի երգը:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետի որդին՝ դիրիժոր եւ դաշնակահար Արա Պետրոսյանը հայտնեց, որ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Հոբելյանական հանդիսությունը, սակայն, տեղափոխվել է աշուն, որովհետեւ օպերային թատրոնի բեմը ներկայումս վերանորոգվում է: Նա նաեւ հավելեց, որ պետպատվերով գիրք-ալբոմ է ստեղծվում, գիրքը գրում է Աննա Ասատրյանը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում կթողարկվի 3 CD, որոնցում կզետեղվեն Ավագ Պետրոսյանի օպերային արիաները, կամերային ստեղծագործությունները, ռոմանսներն եւ երգերը, սիմֆոնիկ նվագախմբի եւ ժողգործիքների անսամբլի հետ ելույթները: «Չգերազանցված Գոհար Գասպարյանի հետ «Անուշ» օպերան էլ է թողարկվում եւ «Դավիթ-Բեկը» նույնպես՝ երկուսն էլ Թավրիզյանի ղեկավարությամբ: Գրքում էլ է CD լինելու»,- ասաց պարոն Պետրոսյանը: Նա նշեց, որ հոբելյանական հանդիսություններ են նախատեսված նաեւ Հայաստանից դուրս՝ Բոստոնում, Ժնեւում, Բեյրութում:

Հիշեցնենք, որ երբ 2006-ին Երեւանի սրտում բացվեց Ավագ Պետրոսյանի փողոցը, այնտեղ գտնվող պուրակում քաղաքային իշխանությունը խոստացավ հետագայում արվեստագետի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրել: Իսկ իսկական հուշակոթողը անձեռակերտ է լինում, այնպիսին, ինչպիսին Ավագ Պետրոսյանն է իր համար կանգնեցրել իր իսկ արվեստով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031