Մարտի 6-ին aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ կապված թիվ 194 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Միքայելյանին ուսուցչուհիներից մեկի՝ Աստղիկ Կիրակոսյանի կողմից պատճառած վնասվածքի հետ: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ երեխան մանկավարժի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել, եւ նրան տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
Էլեն Միքայելյանը ստուգվել էր տեղամասային պոլիկլինիկայում, եւ ըստ բժշկական քարտի. «կատարվել է նյարդաբանի, ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն, ախտորոշվել է հետտրավմատիկ գլխացավ, ձախ ականջախեցու սալջարդ»:
Երեկ Էլեն Միքայելյանի մայրը՝ Նունե Աթաբեկյանը, ասաց, որ մարտի 1-ից երեխան դպրոց չի գնում: Ուսուցչական կոլեկտիվից մինչ օրս ծեծված երեխային չեն այցելել: Նախորդ օրը առաջին անգամ տուն է զանգահարել Էլենի դասվարը, որը փորձել է տեղեկանալ, թե երեխան ինչո՞ւ դպրոց չի գնում: Նունե Աթաբեկյանը տեղեկացրեց, որ երեխան հերթական բուժզննման ժամանակ նախորդ օրը վատացել է, փսխել է, նրան զննել է տեղամասային նյարդաբանը:
Իսկ երեկ Էլենի ծնողները հրավիրվել էին ոստիկանության քրեական բաժնի քննիչ Մուշեղ Ալեքսանյանի մոտ՝ հարցաքննության: Էլեն Միքայելյանի լրացուցիչ հարցաքննությունը հետաձգվել է, քանի որ երեխան վատառողջ է, ստացել է ցնցում, ունի գլխացավեր, փսխում է: Մայրն ասաց նաեւ, որ երեխայի մոտ նկատվում է վախ, նա տան մեջ միայնակ չի գնում իր բնական կարիքները հոգալու, ունի ծարավի զգացում, բայց անգամ խոհանոց գնալն ու ծարավը հագեցնելն առանց օգնության չի կարողանում:
Կարդացեք նաև
Էլենը չի մտածում այս պահին դպրոց գնալու մասին նույնպես, քանի որ, ըստ մոր՝ Ն. Աթաբեկյանի, վախենում է իրեն ծաղրեն, ծեծեն…
Երեխան պատմել է ծնողներին ուսուցչուհու հետ կապված մի դրվագ էլ. մեկ ամիս առաջ նա դասի ժամանակ խնդրել է, որպեսզի ուսուցչուհին թույլ տա իրեն՝ բնական կարիքները հոգալու համար զուգարան գնալ: Ուսուցչուհին չի թույլատրել, եւ…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ