Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ չինովնիկը դատարան եկավ, ո՛չ նրա սիրուհին

Մարտ 14,2012 13:24

Մասնավոր խուզարկուն բողոքում է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 13-ին մեկ ամսվա ազատազրկման դատապարտեց  Վլադիմիր Թուրաբյանին:

Վլադիմիր Թուրաբյանը բողոքով դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Բողոքի քննությունը դեռ չի սկսվել:

Վլադիմիր Թուրաբյանը նախկինում աշխատել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում: Թողնելով ծառայությունը՝ նա զբաղվել է մասնավոր խուզարկուական գործունեությամբ, որը կարգավորող օրենք Հայաստանում չկա, հետեւաբար, ըստ նրա տրամաբանության, իր գործունեությունը չի կարող անօրինական համարվել:

Սակայն, արի ու տես, դիտվել է: Ավելին, նա դատապարտվել էր ազատազրկման: Ի դեպ, հասցրել է լինել արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ Գագիկ Ջհանգիրյանի խցընկերը:

Ազատվելուց հետո էլ նա զբաղվել է մասնավոր խուզարկուական գործունեությամբ:

Անցյալ տարվա հուլիսի 7-ին Վլադիմիր Թուրաբյանին մեղադրանք առաջադրվեց, ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Վլ. Թուրաբյանի պաշտպանը հանրային պաշտպանի գրասենյակից է՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդան Գրիգորյանը: Ըստ նրա բողոքի, իր պաշտպանյալի գործով կան չփարատված կասկածներ, որոնք հնարավորություն չեն տալիս ապացուցված համարելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը:

Վլ. Թուրաբյանին մեղադրում են ապօրինի, մարդու անձնական, ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու համար: Մասնավորապես, խոսք էր գնում Նոր Նորքի զինկոմիսարիատում պահվող Գ.Ա.-ի անձնական գործի մասին: Ըստ պաշտպան Վ. Գրիգորյանի. «Դատարանն անդրադարձավ  իմ այն պատճառաբանությանը, թե Վլ. Թուրաբյանին մեղադրանք է առաջադրվել առանց պարզելու, թե զինկոմիսարիատում պահվող անձնական գործերի փաստաթղթերից որոնք են գաղտնի տեղեկություններ պարունակում, սակայն գտավ, թե դրանք անհիմն են»:

Ըստ բողոքաբերի, դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը՝ իրավաբանորեն ճիշտ չի որակել արարքը, կամայական մոտեցում է ցուցաբերել ապացույցներին, ինչպես նաեւ ներքին համոզմունքը ձեւավորել է զուտ ենթադրություններից ելնելով:

Անդրադառնալով Գ. Ա.-ի գործին, պաշտպանական կողմը հարցնում է՝ արդյոք այն պարունակո՞ւմ էր անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ, թե՝ ոչ, արդյոք Թուրաբյանը լուսանկարե՞լ է՝  հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի 2-4-րդ մասերին: Ըստ վերոհիշյալի, կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, մեղադրանքի ապացուցման պարտականությունը դրված է մեղադրանքի կողմի վրա:

«Իմ պաշտպանյալը Գ. Ա.-ի անձնական գործը զինվորական կոմիսարիատում ուսումնասիրելով՝ տեղեկացել է այնպիսի գործողությունների մասին, որոնք բաց են եղել հանրության համար: Որեւէ անձնական գաղտնիք չեն պարունակում անձի անձնագրում կամ ծննդյան վկայականում տեղ գտած տեղեկությունները: Դրանք չի կարելի համարել անձի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»,- ասում է պաշտպանը:

Բողոքաբեր կողմը պահանջում է անմեղ ճանաչել Վլադիմիր Թուրաբյանին եւ բեկանել դատավճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Հայաստանում այս գնով գործ չեն սարքում: Թուրաբյանին մեղադրել էին, թե իբր շոգեբաղնիքում բռնացրել է չինովնիկներին՝ իրենց սիրուհիների հետ, թե պատվերներ է ընդունել՝ որսալ անորսալին, թե նրա դեմ բոլոր դռները բաց էին: Սակայն ոչ չինովնիկը դատարան եկավ, ոչ՝ սիրուհին, ոչ տուժող տեսանք, ոչ՝ առերեսվող:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031