Լրահոս
Օրվա լրահոսը

Շոու՝ երակները կտրելո՞վ ու բերանը կարելո՞վ

Մարտ 14,2012 13:18

Գյումրու «Շտապօգնության» բժշկի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ինքնավնասվելով`պահանջում է արդար դատաքննություն

Արտակ Կարապետյանն իր մեղքը չի ընդունում:

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Գյումրու «Շտապօգնության» 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության գործով աղմկոտ դատավարությունը, սակայն ամբաստանյալին՝ 28-ամյա Արտակ Կարապետյանին, Արթիկի գաղութից դատարան տեղափոխել չհաջողվեց: Պատճառը, պաշտոնական մեկնաբանությամբ, ինքնավնասումն էր: Նա մոտ մեկ շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել՝ կարելով բերանը, կտրելով երակները: Այս մասին երեկ հայտնեց նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը՝ նշելով, որ Արտակ Կարապետյանը դժգոհ է կատարվող քննությունից:

Նշենք, որ այս երիտասարդին դատում են ոգելից խմիչքի ազդեցության տակ Գյումրու «Շտապօգնության» բժիշկ Աշոտ Գրիգորյանին իր տան մեջ ծեծելով մահվան հասցնելու համար: Նրան մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ դիտավորյալ կյանքից զրկելու, որը նախատեսում է ընդհուպ միչեւ ցմահ ազատազրկում, եւ խուլիգանություն կատարելու: Թեեւ նշենք, որ ամբաստանյալը բացարձակապես իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդում է, որ բժիշկը իրենց տան մեջ վատ է զգացել, շտապօգնության բուժքույրն էլ դեղ է ներարկել, որից հետո Աշոտ Գրիգորյանը սրտի կաթված է ստացել ու մահացել:

Թամարա Յայլոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քննությունը արդար չի կատարվում զուտ այն պատճառաբանությամբ, որ իրականում դատական բժշկի եզրակացությունները հիմնավորված եւ պատճառաբանված չեն: Այն հանգամանքը, որ քննիչը արդեն իսկ հայտարարություն կատարել է, եւ գործում առկա է դիակի արտաքին զննությունը, որտեղ մարմնական վնասվածքներ չկան, իսկ հետագայում հայտնվում են մարմնական վնասվածքներ, էն էլ էսպիսի լուրջ վնասվածքներ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրականում օբյեկտիվ քննություն չի կատարվել: Բացի այդ, դուք լսեցիք նաեւ, որ փորձագետը դատարանում հանդես եկավ եւ ասաց, որ ինքը արյան մեջ ներարկված դեղերի մասնագետ չէ, բայց, ըստ իրեն, էդ դեղերից մահ չէր կարող առաջանալ: Ոչ մի հանցագործ, եթե ասենք՝ անձի արյան մեջ թույն ներարկելով է նրան սպանում, նախօրոք փորձագետներին չի հայտնում, թե՝ գիտեք ինչ, ես էս թույնն եմ ներարկել, պարտավոր են ուսումնասիրություններ կատարել ու պարզել»: Մինչդեռ, ըստ փաստաբանի, դատարան ներկայացած փորձագետը հայտնել է, որ իրենք չունեին դեղերի ցանկը եւ չէին կարող արյան փորձաքննություն նշանակել, նույնիսկ այն դեպքում, երբ բժշկի մոտ ներարկման հետք են տեսել:

Տուժողի իրավահաջորդի՝ Ջուլիետա Գրիգորյանի փաստաբան Սուսաննա Մխիթարյանի բնութագրմամբ էլ՝ Արտակ Կարապետյանը գաղութում շոու է կազմակերպել: «Ես ընդամենը կարող եմ մի բան ասել՝ դա ընդամենը վարքագծի դրսեւորում է, որը հիմնավորում է մեղադրանքը: Ակնհայտ երեւում է, որ անձը կառավարելի չէ, եթե անձը ոտնձգություն է կատարում իր սեփական անձի նկատմամբ՝ վնասելով իրեն, ուրեմն դիմացինի նկատմամբ նա անպայման նման քայլի կարող էր դիմել, եւ նրա ձեռնարկած բոլոր միջոցները զուտ ձեւական ինքնապաշտպանության միջոցներ են՝ ի սկզբանե ասել եմ՝ շոու ստեղծելու նկատառումով: Այնպես որ, ես այդ պահը, բնականաբար, իմ խոսքում, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, կօգտագործեմ որպես մեղադրանքը հիմնավորող ապացույց, այսինքն՝ հավաստիքն է նրան, որ այդ անձը ընդունակ է ծեծելով սպանել իր հորը օգնության եկած շտապօգնության բժշկին»,- ասաց Սուսաննա Մխիթարյանը: Ըստ այս փաստաբանի՝ թեեւ Արտակ Կարապետյանը պսիխոզ հիվանդությամբ է տառապել, բանակում խնդիրներ է ունեցել, սակայն սա չի նշանակում, թե նա հոգեկան հիվանդ է եւ անմեղսունակ: «Սա նշանակում է, որ մարդը կառավարելի չէ, այսպես ասած՝ նյարդերը հավասարակշռված չեն, գիտակցաբար կարող է ամեն քայլի դիմել, այսինքն՝ ցանկացած քայլ գիտակցում է, գիտի՝ ինչ է անում, ինչի է անում, սակայն գնում է այդ քայլին: Այս պարագայում, կարելի է ասել, մարդու բնավորություն է, կա էսպես ասած՝ կռվի հակում ունեցող, փոքր բանը մեծ բան դարձնող մարդ»,- կարծում է Սուսաննա Մխիթարյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031