Որպեսզի ապօրինի ծառահատումների դեմ «ռեյնջերավարի» պայքարի
Մեր երկրում ապօրինի անտառահատումների դեմ այլեւս ոչ մի մարմին ի վիճակի չէ պայքարել, եւ հատումներն այն աստիճան անվերահսկելի են դարձել, որ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը երազում է անտառների պահպանությունը «ռեյնջերներին» վստահել: Գլխավոր անտառապետը կարծում է, որ հատուկ պատրաստվածություն անցած եւ հատուկ օպերացիաներ իրականացնող ամերիկյան բանակի թեթեւ հրետանու այդ զինվորների պես մեկը պետք է լինի, որպեսզի կարողանա ապօրինի ծառ կտրողների դեմն առնել ու «հախներից» գալ: Անտառահատումների հետեւանքով պետությանը հասցված գումարները գերազանցում են 100 միլիոն դրամը: Չնայած դրան՝ ոլորտի պատասխանատուները, որպես անտառահատների, մշտապես մատնացույց են անում մի քանի խեղճ ու կրակ գյուղացիների, որոնք, իբրեւ թե, վառելափայտի նպատակով են ծառերը հատում: Իրականում ապօրինի խոշոր անտառահատումներն իրականացվում են շինարարական փայտի համար, սակայն մինչ օրս այս առումով որեւէ խոշոր փայտագողի չեն բացահայտել: Ինչպե՞ս պետք է պայքարել նման ապօրինությունների դեմ՝ «Առավոտի» այս հարցին «Հայանտառի» ղեկավար Ռուբեն Պետրոսյանն ասաց. «Այնպիսի բարեփոխում է պետք անել, որ անտառի աշխատողը միայն պահակ չլինի, այլեւ ռենջեր լինի, որ իրավունք ունենա ձեռքերը բռնել, թեւերը կապել եւ ձեռքից էլ խլել այդ գործիքը: Ոչ թե ինքը կանչի՝ եկեք օգնեք, ստեղ գողանում են: Այդ «ռեյնջերությունը» պիտի լինի: Անտառի աշխատողը պետք է ոչ միայն պատասխան տա, այլ նաեւ իրավունքներ ունենա, որն այսօր չունի: Խորհրդային տարիներին անտառապահից դողում էին, ինչո՞ւ գայիշնիկի ակտը քար ա ծակում, իսկ անտառի աշխատողի ակտը պրոբլեմներ է ստեղծում: Անտառի աշխատողի մեջքին պիտի կանգնեն, ոչ թե սկսեն հաշվել, թե 10 կամ 5 ծառ է կտրվել»:
Պարոն Պետրոսյանը վստահ է, որ եթե անտառապահի լիազորություններն ավելանան, ապա ապօրինի հատումներն էլ կնվազեն: Մեր այն հարցին էլ, թե խոշոր հատումների ի՞նչ դեպքեր կան բացահայտված, գլխավոր անտառապետը հավաստիացրեց, որ իրենք ապօրինի հատումների մասին տվյալները տրամադրում են կամ իրավապահ մարմիններին, կամ էլ բնապահպանության տեսչությանը, դրանից հետո իրենց «ֆունկցիան» վերջանում է: Մեր այն դիտարկմանն էլ, որ մշտապես ինչ-որ սովորական անհատների են ցույց տալիս, որ ապօրինի մի քանի ծառ են կտրել, պարոն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Բա ես էլ էդ եմ ասում՝ 10 հատ ծառ կտրելը ցույց են տալիս, բայց ոչ մի լուրջ բան ցույց չեն տալիս»:
Կարդացեք նաև
Հակառակ ոլորտի պատասխանատուների այն պնդումներին, թե գնալով նվազում են ապօրինի անտառահատումները, մեր երկրում համատարած կահույքի պատվերների սրահների առկայությունն ու դրանց աշխատակիցների պնդումները, որ ամեն ինչ տեղական փայտից է պատրաստված, այլ բան են վկայում: Դատելով անտառների ներկայիս վիճակից՝ այսօր ապօրինի ծառահատումները որոշ մարդկանց ամենաեկամտաբեր բիզնեսներից են: Մեր այս դիտարկմանը Ռուբեն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «500 կուբամետր տախտակ ունենք ծախելու, չենք կարողանում ծախենք, սա ինչի՞ մասին է խոսում: Գերան ունենք, չենք կարում ծախենք: Այդ ապօրինությունը միայն անտառում չի սկսվում ու վերջանում: Շարունակություն ունի. հատված ծառերով էդ ավտոները ճանապարհով գնում են, մի տեղ կանգնում՝ ծախում են, չէ՞: Այսինքն՝ ապօրինի անտառահատումները միայն անտառի աշխատողով չեն լուծվի: Ամեն մեկն իր պատասխանատվությունը պիտի ունենա»:
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի՝ պարոն Պետրոսյանի առաջարկած «ռեյնջերների» գաղափարը մի քանի անգամ բարձրացվել է. «Մենք նախագիծ ունենք ներկայացրած, հիմա ժամանակը չէ, խառը վիճակ է մի քիչ, բայց ընտրություններից հետո նորից խոդի կտանք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ