Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատալու եւ փոխվելու ցանկությունը որեւէ մեկի մենաշնորհը չէ»

Մարտ 14,2012 13:08

Վստահ է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը

– ՀՀԿ համագումարը տեղի ունեցավ, եւ հրապարակվեց կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք», որը դարձավ եւ մամուլի, եւ սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկվող հարցերից մեկը: Ոմանք կարծիք են հայտնում, թե ինչպես կարող է փոխվել Հանրապետականը, ուրիշները հավատում են, որ կլինի այդ փոփոխությունը, երրորդները մտածում են, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու. ասացեք, թե Դուք, կոնկրետ Ձեր կուսակցությունը ի՞նչ եք դրել այդ կարգախոսի հիմքում, ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատալու եւ ո՞ւմ կամ ի՞նչն եք պատրաստվում փոխել:

– Երբ մենք ասում ենք՝ հավատանք, որ փոխենք, դա, այսպես ասած, զուտ փիլիսոփայական կատեգորիա չէ, դա վերաբերում է շատ ոլորտների՝ եւ տնտեսականին, եւ սոցիալականին, եւ արտաքին քաղաքական հարաբերությունների ոլորտին, այսինքն՝ ընդգրկում է բոլոր ոլորտները: Մենք ասում ենք, որ եկել է այդ ամենը վերափոխելու ժամանակը: Երկրի եւ կուսակցության նախագահը հենց այդ կոնցեպցիան է դրել հիմքում եւ մանրամասն բացատրեց նաեւ: Իհարկե, բնական է, որ որոշ ընդդիմադիր ուժեր սկսեցին հակառակ մեկնաբանություններ անել, որովհետեւ շատերի մոտ խանդ է առաջացրել այն, որ փոփոխությունների մասին խոսում է իշխող քաղաքական ուժը, իշխող քաղաքական ուժի լիդերը: Ոմանք խանդում են, որ հենց Հանրապետական կուսակցությունն է գնում բարեփոխումների: Իսկ բարեփոխումները երկրի նախագահը ծրագրել էր դեռ իր ընտրությունից հետո, բայց գիտեք, թե ինչ եղավ դրանից հետո, եւ գործընթացները խանգարեցին, դանդաղեցրին բարեփոխումների ընթացքը, բայց մենք հետագայում շարունակեցինք առաջ գնալ: Եվ արդեն 13-րդ համագումարում մենք հայտարարեցինք, որ ամբողջ թափով գնում ենք բարեփոխումների: Մենք նկատի ունենք եւ Եվրոպայի հետ հարաբերությունները, եւ եվրոպական արժեքներին մեր հավատարմությունը, եւ նույն Եվրոպայի հետ ուղղակի տնտեսական հարաբերությունների հարցը: Մի մոռացեք, որ Հայաստանը շատ թե քիչ տնտեսապես ճնշված վիճակում է, որովհետեւ մենք շրջափակված ենք, միջազգային ճգնաժամն էլ մյուս կողմից, եւ այս իրավիճակում պետք է փնտրել ելքերը: Մենք նորմալ տնտեսական հարաբերություններ ունենք միայն Ռուսաստանի հետ, բայց դա բավարար չէ, եւ մենք մեր բարեփոխումների ծրագրով նաեւ եվրոպական երկրների, ԵՄ հետ մտնում ենք տնտեսական նորմալ հարաբերությունների մեջ: Արդեն կա պայմանագիր, որը հաստատվում է եւ շուտով կյանքի կկոչվի. դրանով մենք դառնում ենք եվրոպական շուկայի լիարժեք անդամ, պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է՝ Հայաստանի փոքր տնտեսությունը մտնում է եվրոպական շուկա: Արդեն կլինեն մեծ ներդրումներ, համատեղ տնտեսական ծրագրեր, աշխատատեղերը կշատանան, կբարձրանա մարդկանց կենսամակարդակը, բյուջեն կմեծանա եւ այլն:

– Արդյոք Հանրապետականի ներսում կփոխվի՞ մարդու տեսակը, Դուք ի՞նչը կպահեք հնից եւ ի՞նչ նոր բան կվերցնեք փոխվելու ճանապարհին:

– Գիտեք, որ մենք մեր գաղափարախոսությամբ պահպանողական ենք: Մենք, որպես պահպանողականներ, գտնվում ենք կենտրոնում: Այ, երբ ասում ենք համագործակցություն ԵԺԿ-ի հետ, այդ կուսակցությունը Եվրոպայում համարվում է նաեւ պահպանողական տիպի կուսակցություն, այսինքն՝ մենք ձգտում ենք դառնալ եվրոպական կարգի եւ ոչ թե խիստ ծայրահեղ: Այ, Դուք հարցնում եք տեսակի մասին, տեսակը չի փոխվի. հանրապետականները հենց պահպանողական են, պետականամետ են, եւ եթե երկրին, ժողովրդին սպառնում է ինչ-որ վտանգ, ասենք՝ դրսից շրջափակմամբ, որպեսզի լինի կայունություն, եւ ժողովուրդը մեզ հավատա, մենք գնում ենք նոր բարեփոխումների: Եվ դրա համար ենք ասում՝ հավատանք, որ փոխենք: Առաջին հերթին պետք է հավատալ այն քաղաքական ուժին, որը ներկայացրել է բարեփոխումների փաթեթը: Եվ մենք մեր վարքով, մեր կյանքով եւս փոխվելու ենք, իսկ դա մեկ օրվա գործ չէ, դա երկարատեւ պրոցես է, եւ մենք գնում ենք դրան: Փառք Աստծո, որ մենք այնքան խելամիտ քաղաքականություն ենք վարում, որ եւ Ռուսաստանի, եւ Եվրոպայի, եւ այլոց հետ հավասարակշռված, նորմալ հարաբերություններ ենք պահպանում:

– Ձեր կուսակցության համագումարից հետո որոշ քննադատություն հնչեց, թե ձեր կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք», վերցրել եք Օբամայից կամ Դաշնակցությունից: Իրո՞ք ինչ-որ մեկից վերցրել եք:

– Կյանքն այնպիսի բան է, մանավանդ՝ այսօրվա արագությամբ, որ երբեք չես կարող ասել, թե ով ումից ինչ է վերցրել: Օրինակ՝ կան գործիչներ, Դուք նրանց լավ գիտեք, որ հայտարարում են, թե առաջինը իրենք են խոսել Սահմանադրության կամ բանակի անհրաժեշտության մասին: Խնդիրն այն է, որ «ով ասացը» կարեւոր չէ, քանի որ երբ պետություն է ստեղծվում եւ փորձում կայանալ, իհարկե՝ գալիս է եւ բանակի հարցը, եւ Սահմանադրության: Գաղափարները համամարդկային են, եւ պետք չէ շահարկումներ անել: Փոխվելու եւ հավատալու մասին ցանկությունները որեւէ մեկի մենաշնորհը չեն, եւ ամեն մարդ, ցանկացած քաղաքական ուժ կարող է ունենալ նման ձգտումներ: Սա բնական է, եւ երբ մենք ասում ենք՝ հավատանք, որ փոխվենք, դա մենք ենք ասում եւ ոչ թե ինչ-որ մեկից փոխ ենք առնում: Մենք գնում ենք դեպի զարգացում, հիմա ձգտում ենք ավելի առաջ գնալ, վստահություն ներշնչել մեր պահվածքով, մեր գործերով: Երբ ասում ենք՝ փոխվենք, այո, նկատի ունենք նաեւ մեզ: Նաեւ այն գործարարներին, որոնք հարկեր չեն վճարում, խուսափում են վճարել, բյուջեն չեն լցնում, այ, նրանց էլ է պետք փոխել, պետք է նրանցից պահանջել-ստիպել, որ վճարեն պարտքերը, որպեսզի մենք կարողանանք ավելի վստահ եւ արժանապատիվ լուծել սոցիալական խնդիրները: Այնպես չէ, որ մենք ասում ենք ՝ դուք փոխվեք, մենք մնանք նույնը, այդպես չէ: Պետք է փոխվենք բոլորս միասին եւ պետք է հավատանք բոլորս միասին:

– Սովորաբար փոփոխությունների մասին խոսում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, խոսում են իշխանությունը փոխելու, կոնկրետ մարդկանց փոխելու, համակարգը փոխելու եւ այլ բաներ փոխելու մասին, համաձայնեք, հիմա մի քիչ տարօրինակ է, երբ իշխող ուժն է ասում՝ փոխվելու ենք: Ինչո՞ւ եկաք եւ հասաք սրան:

– Մենք ընդամենը քսան տարեկան պետություն ենք եւ ուզում ենք դառնալ նորմալ, քաղաքակիրթ պետություններին հավասար պետություն, իսկ եթե չկա տնտեսություն, ոչինչ չի կարող զարգանալ: Մենք ձգտում ենք դառնալ քաղաքակիրթ երկիր եւ աշխարհին տալ մեր գիտելիքները, մեր ունակությունները:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031