Վերջերս լսել եմ, որ Երեւանի «էլիտար» դպրոցներից մեկում այբբենարանի հանդեսը կատարել են ռեստորանում: Ընդ որում, երբ ծնողներից մեկն ընդվզել է նման «էլիտարիզմի» դեմ, նրան բացատրել են, որ այդպիսին է տնօրենի կարգադրությունը, եւ հետո այդ ծնողը «սպիտակ ագռավ» է դարձել քաղքենիության այդ խրախճանքում: Չգիտեմ, ինչն է ավելի շատ մնալու երեխաների հիշողության մեջ՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառե՞րը, թե՞ աղցանների եւ «գարյաչիների» անվանումները: Համենայնդեպս, երեխաներին տոն պարգեւելու, նրանց համար վառ հիշողություն ապահովելու այս՝ զուտ գաստրոնոմիկ եղանակը համահունչ է այսօր փաստացի գերիշխող արժեքային համակարգին: Դրա մասին տեղեկատվություն ստանալու համար պետք է լսել ոչ թե հանրահավաքային եւ «համագումարային» հռետորներին, այլ նման հանդեսների համար գումարներ հավաքող ծնողներին եւ նրանց երեխաներին:
Իմ մանկության տարիներին բոլոր «ժեկ»-երում փակցրած էր մի թուղթ, որը կոչվում էր «Կոմունիզմ կառուցողների բարոյական կոդեքսը»: Արդեն 4-5-րդ դասարանում ինձ (եւ, կարծում եմ, միլիոնավոր մարդկանց) համար պարզ էր, որ իմ երկրում ոչ մի կոմունիզմ էլ չի կառուցվում, եւ այդ խոսակցությունները ճիշտ այնպիսի երեսպաշտություն են եւ փարիսեցիություն, որպիսիք են նաեւ այսօրվա պաշտոնական ճառերը: Բայց այդ «բարոյական կոդեքսի» բուն տեքստում միանգամայն ճիշտ եւ ընդունելի բաներ էին գրված ազնվության, բարության, մարդկանց փոխօգնության մասին: Հավանաբար, կոմունիստական գաղափարախոսները ցանկանում էին ինչ-որ բանով փոխարինել աստվածաշնչյան ճշմարտությունները՝ այնպես, ինչպես եւ Ռոբեսպիերն էր սկզբում ավերում եկեղեցիներն ու վանքերը, իսկ հետո Աստծո փոխարեն հորինում ինչ-որ Բարձրագույն էակ՝ հասկանալով, որ արժեքային համակարգի համար հիմնասյուն է պետք: Բայց հեղափոխականները երբեք չէին հասկանում, որ այդ հենասյունը կարող է ձեւավորվել բնականորեն, դարերի ընթացքում:
Այսօրվա Հայաստանում «բարձրագույն էակը» փողն է եւ դրա հետ կապված «բարիքները», որոնց թվում են, անշուշտ, խորովածն ու քյաբաբը: Այդ «էակին» երկրպագության «դասեր են տալիս» բոլորը՝ սկսած բարձրաստիճան հոգեւորականներից եւ վերջացրած «էլիտար» դպրոցների տնօրեններով: Դա, իհարկե, ունի իր առարկայական հիմքը՝ արագորեն հայտնվելով շուկայական հարաբերությունների հորձանուտում, մենք զրկվել ենք նախորդ դարաշրջանի արհեստական սահմանափակումներից՝ ձեռք չբերելով վարքի բնական կողմնորոշիչները: Նրանք, ում գլխին անսպասելիորեն հարստություն է թափվել, պայմանականորեն ասած՝ «էլիտար պապաները» չգիտեն ինչպես վարվել այդ հարստության հետ եւ ընկնում են զեխության գիրկը:
Իսկ որո՞նք են այդ վիճակից դուրս գալու կողմնորոշիչները: Դրանք, վստահ եմ, նույն աստվածաշնչյան ճշմարտություններն են, որոնք, մասնավորապես, քարոզում են զսպվածություն եւ ժուժկալություն: Եվ ոչ միայն Աստվածաշունչը, այլեւ պրակտիկ կյանքն է ապացուցում՝ իսկական հաջողության է հասնում նա, ով կամք ունի՝ իրեն ինչ-որ բանից զրկելու:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ