Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մերժել է մեր թերթի թղթակից Հայկ Գեւորգյանի աղմկահարույց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Հայկ Գեւորգյանը եւ նրա փաստաբան Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որով միջնորդել էին վերաքննիչ դատարանին՝ վերացնել Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Հայկ Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը: Թե ինչ հիմնավորումներով է վերաքննիչ դատարանը մերժել բողոքը, պարզ կդառնա առաջիկա օրերին, երբ որոշման ամբողջական տեքստը կուղարկվի Գեւորգյանին եւ Գրիգորյանին: Բայց առանց դրա էլ պարզ է, որ այդ «հիմնավորումները» լինելու են նույնքան ցնցող, որքան հայտնի «վրաերթի» հետ կապված պատմության շուրջ ՀՀ ոստիկանության, դատախազության եւ դատարանի մինչ օրս կայացրած որոշումները: Դժվար չէ կանխատեսել, որ վերաքննիչ դատարանը իր որոշմամբ փաստորեն առոչինչ է դարձնելու ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջական դրույթներ եւ համարելու է, որ ի հեճուկս այդ օրենսգրքի աներկբա պահանջների, օրինակ, ՀՀ քաղաքացուն կարելի է բերման ենթարկել առանց նրա դատավարական կարգավիճակը ճշտելու: Գրազ ենք գալիս:
«Հայկական ժամանակ»