Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսում են, իհարկե ոչ հավասարապես, մեծամասնական ընտրատարածքները

Մարտ 14,2012 11:14

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երկուշաբթի օրվա նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցությունը քննարկել է մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը, սակայն վերջնական որոշում չի կայացրել: Բայց Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն հավանաբար 33 ընտրատարածքներում կառաջադրի մեծամասնական թեկնածուներ:

Սա հետաքրքրական հանգամանք է: Բանն այն է, որ առնվազն տարօրինակ է, երբ իշխող կուսակցությունը չի ծածկում բոլոր ընտրատարածքները և իր մեջ չի գտնում 41 մեծամասնական ռեսուրս, որտեղ կարողանա առաջադրել իր թեկնածուներին: Սակայն երբ խնդրին մոտենում ենք հայաստանյան իրականության տեսանկյունից, ապա պատկերը պարզ է ու հասկանալի: Բանն այն է, որ 41 ընտրատարածքներից 33-ում առաջադրելով կամ պատրաստվելով առաջադրել թեկնածություններ, ՀՀԿ-ն նաև այլ ընտրատարածքներում, այսպես ասած, ոչ ՀՀԿ-ական թեկնածուներ կունենա, որոնք դե յուրե կուսակցական չեն, բայց դե ֆակտո հանդիսանում են հենց ՀՀԿ շահերի ներկայացուցիչ:

Օրինակ` այդպիսին է Սամվել Ալեքսանյանը, որը կառաջադրվի Մալաթիայում: Օրինակ` նախորդ ընտրությանը այդպիսին էր գործարար Հրանտ Վարդանյանի որդի Միքայել Վարդանյանը, որը առաջադրվել էր Տավուշում, անկուսակցական էր, բայց անդամագրվեց ՀՀԿ խմբակցությանը: Եվ կլինեն էլի նմանօրինակ անուններ: Միևնույն ժամանակ, 41 ընտրատարածքից 33-ում առաջադրելով թեկնածուներ, ՀՀԿ-ն մի քանի ընտրատարածք էլ բնականաբար թողնում է Բարգավաճ Հայաստանին:

Ուշագրավ է, որ սկզբնական շրջանում բոլոր ընտրատարածքները ծածկելու մտադրություն արտահայտած Բարգավաճ Հայաստանը հետագայում հետ կանգնեց դրանից և հայտարարեց, թե թեկնածուներ կդնի ոչ բոլոր ընտրատարածքներում: Այդպիսով, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսում են, իհարկե ոչ հավասարապես, մեծամասնական ընտրատարածքները: Բնականաբար պարզ է նաև, որ հաղթելու տեղեր կթողնվեն նաև ընդդիմությանը՝ մեկը կամ երկուսը, գուցե երեքը: Իհարկե պարզ է նաև, որ ՀՀԿ բոլոր առաջադրվածների «ճակատագիրը» չէ հաղթելը, և նրանց մի մասը ընդամենը «դեմոկրատիայի» դեկոր են ծառայելու, թե տեսեք մենք թեկնածու դրեցինք, բայց մեր թեկնածուին հաղթեցին:

Իրականում, սակայն, այդ ամենով հանդերձ պարզ է, որ տեղի է ունենում պարզ քաղաքական առևտուր, որտեղ գին թելադրողի դերը կատարում է ՀՀԿ-ն և սահմանում մի շեմ, որի փոփոխականությունը, բնականաբար, կախված կլինի «գնորդ» քաղաքական ուժերի առատությունից: Այլ կերպ ասած` ընտրություն կոչվածը արդեն վաղուց հանված է վաճառքի, և ըստ էության Հայաստանում ազատ և արդար է լինելու ոչ թե ընտրությունը, այլ առևտուրը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031