«Վերաբերմունքը, որին արժանանում է «Վիքիլիքս» կայքին ռազմական բազմաթիվ գաղտնիքներ հաղորդած Միացյալ Նահանգների հետախուզության մասնագետը, դաժան է և անմարդկային, և կարող է նույնիսկ որպես տանջանք դասակարգվել»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Տանջանքներին հակազդելու գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Խուան Մենդեսը, որն այս շաբաթ ամբողջացրել է շարքային Բրեդլի Մենինգի ազատազրկման պայմանների ուսումնասիրության նպատակով 14 ամիս շարունակ իրականացված հետաքննությունը:
Մենդեսի համաձայն, Մենինգը, որին ներկայացվել է 22 մեղադրանք, այդ թվում՝ թշնամուն աջակցելու մեղադրանքը, 11 ամիս պահվել է մեկուսի բանտարկության մեջ՝ առանց հանցագործության համար դատապարտված լինելու:
Տանջանքներին հակազդելու գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտնել է, թե այն դեպքում, եթե Մենինգի վիճակի վրա նման վերաբերմունքը ծանր ազդեցություն գործի, ապա դա հավասար կլինի վերջինիս տանջանքների ենթարկելուն:
Կարդացեք նաև
Շարքային Մենինգը 2010 թվականին ձերբակալվելուց հետո ազատազրկման առաջին 11 ամիսներն անցկացրել է Վիրջինիա նահանգի Քվանտիկո բնակավայրում գտնվող ԱՄՆ-ի ծովային հետևակի զորամասում, որտեղ և ենթադրաբար ենթարկվել է դաժան վերաբերմունքի: Անցյալ տարի Մենինգը փոխադրվել է Կանզաս նահանգում գտնվող Ֆորտ Լիվենվորթ անվանումը կրող ռազմակայան:
Ըստ ազատազրկման վայրի պաշտոնատար անձանց, Մենինգը գտնվում էր մեկուսի բանտարկության և անընդհատ վերահսկողության տակ՝ իրեն վնաս հասցնելու վտանգի պատճառով:
ՄԱԿ-ի զեկուցող Մենդեսի կողմից անցյալ ամիս հրապարակված զեկույցի համաձայն, զինված ուժերի հրամանատարությանը շարքային Մենինգի հետ չվերահսկվող հարցազրույց անցկացնելու մասին ներկայացված իր բազմաթիվ դիմումները որևէ արդյունքի չեն հանգեցրել: Տանջանքներին հակազդելու գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը սակայն նշել է, որ ազատազրկման վայրը փոխելուց հետո Բրեդլի Մենինգի նկատմամբ վերաբերմունքը բարելավվել է:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»