Այսօր՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մայա Թոխանյանը, վարելով «Հունդայի Վերակրուզ» մակնիշի 571 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենան, Երվանդ Քոչարի 1-ին շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արմեն Պառավյանին։ Ա. Պառավյանը վրաերթի վայրից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշի օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցների օպերատիվ և բացատրական գործողությունների արդյունքում, քիչ առաջ Մ. Թոխանյանն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա բաժանմունք էր եկել իր կողմից վարած «Հունդայի» ավտոմեքենայով, որով որ վրաերթ էր կատարել։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Մարաշի բաժանմունքում ստեղծված նյութերը կուղարկվեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին։