ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվական հաղորդման մեջ առանձին բաժնով անդրադարձ կա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը: Այստեղ եւս մեկ անգամ շեշտված է. «Այս ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար»: Հույս է հայտնված, որ եթե ընտրություններն իրոք ժողովրդավարական մթնոլորտում անցնեն՝ կօգնեն կարգավորել Հայաստանի քաղաքական մթնոլորտը եւ «վերականգնել հանրության վստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ»:
Վկայակոչված է համազեկուցողների այլ զեկույցներում արտահայտված պնդումը, թե 2008 թվականի մարտի դեպքերը ժողովրդավարական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամբողջական կորստի հետեւանքն էին. «Ուստի կարեւոր է, որ բոլոր մասնակիցները՝ չնայած առկա քաղաքական բեւեռացված մթնոլորտին, ձեռնպահ մնան գործողություններից, որոնք ինքնին կարող են սասանել հասարակության վստահությունն ընտրությունների եւ ժողովրդավարական համակարգի նկատմամբ: Ցավոք, Հայաստանում, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում, ընտրությունների արդարության եւ ժողովրդավարական բնույթի վիճարկումը՝ մինչ դրանց անցկացումը եւ առանց ընտրակեղծիքների վերաբերյալ հստակ ապացույցները՝ դարձել է մի շարք կուսակցությունների ընտրական ռազմավարության մասը: Ուստի մենք կոչ ենք անում ընտրական բոլոր մասնակիցներին գիտակցել իրենց պատասխանատվությունը՝ չսասանելու հանրության վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ»:
Տեղեկատվական հաղորդման մեջ արձանագրված է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական միջավայրը կտրուկ փոխվել է. «Ընդդիմությունն այս պահին շատ լավ կազմակերպված, կենսունակ քաղաքական ուժ է Հայաստանում: Միեւնույն ժամանակ՝ ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխող մեծամասնությունը միատարր քաղաքական ուժեր չեն»: Ի դեպ, ընդդիմադիր ուժերի միջեւ մրցակցության համատեքստում հիշատակված է, որ ՀՀՇ-ից մի շարք գործիչներ հեռանալով՝ ձեւավորել են առանձին քաղաքական ուժ: Իսկ կոալիցիայի ներսում մրցակցության համատեքստում՝ ԲՀԿ-ի առնչությամբ նշվում է, որ «համարվում է, թե այն մոտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին», ու հիշատակվում, թե իր գործընկերոջ կողմից ճնշման հետեւանքով ստորագրեց հուշագիր, որում ճանաչեց ՀՀԿ առաջատար դիրքը կոալիցիայում ու խոստացավ 2013-ին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Համազեկուցողները եզրակացրել են. «Այս զարգացումների արդյունքում առաջիկա ընտրությունները, ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ կլինեն իրապես մրցակցային: Բացի այդ, այն փաստը, որ որեւէ մեկ քաղաքական ուժ չէ վերահսկում ընտրությունների գործընթացը եւ դրա ղեկավարումը՝ կարող է նպաստել ընտրությունների ժողովրդավարական բնույթին»:
Փաստաթղթում նշված է նաեւ, թե այն փաստը, որ ընտրությունների կազմակերպումն իրականացվելու է մասնագիտական ընտրական վարչարարության միջոցով՝ ողջունելի է. «Սակայն սա լրացուցիչ պատասխանատվություն է դնում Հայաստանի իշխանությունների վրա, որ ընտրական հանձնաժողովների անդամները վայելեն հանրության եւ ընտրական մասնակիցների վստահությունը»:
Կարդացեք նաև
Հիշատակված է ընդդիմադիրների նախաձեռնությունը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, եւ նշված, թե ընտրական համակարգի ընտրությունն ամեն երկրի նախընտրության հարցն է. «Կողմնակալությունից խուսափելու համար՝ մենք չենք մեկնաբանում այս առաջարկը: Միեւնույն ժամանակ, մենք ընդգծել ենք ընտրությունների իրավական կայուն շրջանակի կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ հատկապես դրանք հայտարարելուց հետո»:
Համազեկուցողները նաեւ ընդգծել են միջազգային առաքելությունների կարեւորությունն այս ընտրություններում. «Ուստի մենք ողջունում ենք Վեհաժողովի բյուրոյի որոշումը՝ դիտարկելու այս ընտրությունները ԵԽԽՎ–ից մեծ պատվիրակությամբ»:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ