Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 12-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 24 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել 34-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 59 ՏՍ 999 համարանիշի և 54-ամյա Հակոբ Պողոսյանի վարած, «Սվիտ վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 0896 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու նրա ուղևորներ 79-ամյա Սիրանուշ Մանուկյանը և Ալեքսան Պետրոսյանը, ում ծննդյան թվականը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։