Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ընտրությունները ԵԽԽՎ-ից դիտարկելու է բարոնուհի Նիքոլսոնը

Մարտ 13,2012 21:16

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն այսօր Փարիզում քննարկեց Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի Երեւան հունվարի 16-17-ը այցի վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը: Մեր հարցին, թե ինչպե՞ս անցավ քննարկումը՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մանրամասն քննարկում, որպես այդպիսին, չեղավ: Ավելի շատ՝ Պրեսկոտը ներկայացրեց հաղորդումը, մի քանի պատգամավորներ ուղղեցին հարցեր, որոնց նա պատասխանեց: Ելույթներ ունեցան Արմեն Ռուստամյանը եւ ես: Հիմնականում թարմացրեցի այն տեղեկատվությունը, որն ուներ պրն Պրեսկոտը, թե ինչ փուլում ենք այժմ: Մոնիթորինգի հանձնաժողովը հատուկ ուշադրություն դարձրեց հետագա զարգացումների վրա, մասնավորապես, թե ինչ խնդիրներ կան հետագայում՝ ոստիկանության եւ դատաիրավական բարեփոխումների, եւ անշուշտ՝ նաեւ ընտրությունների առնչությամբ»:

Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի՝ «Քննարկման ընթացքում նաեւ հարց բարձրացվեց, թե անհրաժեշտ է նոր խորհրդարանի ձեւավորումից հետո անդրադարձ կատարել ոստիկանության քաղաքական պատասխանատվությանը: Քանի որ բազմաթիվ պատգամավորներ նշեցին, թե հույժ կարեւոր է, որ ոստիկանության համար պատասխանատու լինի առանձին նախարար, այլ ոչ թե ոստիկանությունը լինի կառավարությանը կից»:

Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը դիտարկելու է ՀՀ ընտրությունները

Ելույթ է ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակ՝ Ուինթերբուրնի բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, որը հայտնել է, թե ընդգրկվելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ «Նա ուղղակի փոխանցեց, թե ինչպես է պատկերացնում դիտորդական առաքելության աշխատանքը, քարոզարշավի ընթացքում ինչին են ուշադրություն դարձնելու՝ քաղաքական բանավեճերի ինչպիսի մթնոլորտ է տիրում եւ այլն: Բարոնուհի Նիքոլսոնը նաեւ ասաց, որ հատուկ հետաքրքրություն ունի այս տարածաշրջանի հանդեպ՝ եղել է եւ Ադրբեջանում, եւ Վրաստանում, եւ Իրաքում»:

Հայաստանի հարցին ԵԽԽՎ-ն Մոնիթորինգի հանձնաժողովը կանդրադառնա արդեն խորհրդարանական ընտրություններից հետո:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031