Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 3-րդ. ինչո՞ւ մեզանում հեղափոխություններ չեն լինում

Մարտ 13,2012 19:13

«Հարգելի «Մտերմիկ զրույց» , ամեն անգամ որոշում եմ գրել ձեզ, սակայն մի բան ինձ զսպում է, շարունակ մտածում եմ, թե ինչ-որ մեկը կհասկանա, որ դա ես եմ` ինձ կծաղրի: Սակայն, այս անգամ որոշեցի համարձակվել եւ գրել: Մեկ հարց ունեմ՝ ինչո՞ւ մեզանում այդպես էլ չի ստացվում մաքուր եւ հանգիստ քաղաքում ապրելը: Ես օրեր շարունակ մասնակցում եմ տարբեր ակցիաների, ինքս շատ եմ կարեւորում քաղաքացիական հասարակության ձեւավորումը, բայց վերջին շրջանում շատ եմ տխրել, որովհետեւ նկատում եմ բաներ, որոնք ինձ ուղղակի հունից հանում են: Երբ դու ներսում ես, հասկանում ես, որ ամեն տեսակի ակցիա հենց այնպես չի լինում եւ ամեն մեկի տակ էլ մի սեւ կատու է թաքնված:Իսկ ես չեմ ուզում մասնակցել այդ կարգի ներկայացումների»:

Այս նամակը մենք ստացել ենք մոտ մեկ ամիս առաջ եւ միտումնավոր ձգձգում էինք նրա հրապարակումը: Անկեղծ ասեմ՝ մտավախություն ունեինք,որ ճիշտ չենք հասկացվի: Սակայն, քանի որ, ըստ մեզ, նամակի վաղեմության ժամկետն անցած է, իսկ թեման՝ դեռ օրակարգային, որոշեցինք անդրադառնալ եւ որոշ մեկնաբանություններ ներկայացնել:

Մեր նամակագիրը ներկայացրել է մի իրավիճակ, երբ անհատը կռվի մեջ է իր սեփական «Եսի», իր հասարակական «Եսի» եւ իր հրապարակային «Եսի» միջեւ: Նկատի ունեցեք, որ անգամ այս տեսքով, նամակագիրը չի էլ փորձել ստորագրել նամակը, անգամ իր համար անուն չի հորինել եւ գերադասել է զերծ մնալ որեւէ անվամբ հանդես գալուց: Իսկ սա միայն մեկ բանի մասին է վկայում՝ ինքը հայտնի անձ է գոնե իր ընկերների եւ ակցիայի մասնակիցների շրջանում: Չի էլ նշել, թե կոնկրետ որ ակցիան նկատի ունի: Իսկ սա նշանակում է, որ մարդը շատ լավ գիտի, որ ամենափոքրիկ հուշումն անգամ իր դեմ դուրս կգա:

Մեր եզրակացությունը եւ խորհուրդը հետեւյալն է՝ պետք է նկատի ունենալ, որ ոչ բոլոր մարդիկ են ծնվել հրապարակային գործունեության, հանրահավաքների եւ տարաբնույթ այլ ակցիաների մասնակցելու համար:Կան մարդիկ, որոնք գերադասում են ավելի կամերային հանդիպումները, ընկերների եւ գործողությունների նեղ շրջանակը: Եվ անգամ եթե մասնակցում են այդ կարգի միջոցառումների, դա անում են պարզապես ընկերոջ հորդորով, ընկերոջը չնեղացնելու կամ չվիրավորելու նպատակով: Ինքս որպես մասնագետ, հաճախ եմ ներկա գտնվել հանրահավաքների եւ տարբեր ակցիաների, մարդաշատ միջոցառումների: Գրեթե բոլոր դեպքերում բուռն միտինգավորներից շատ ավելի շատ են լինում թամաշա ակնկալողները, մարդիկ, որ հայտնվել են այդ տեղում ոչ թե հանուն գաղափարի, այլ՝ որովհետեւ պարապ են, կամ՝ որովհետեւ ուզում են տեսել, թե ով ինչ է խոսում, երրորդը՝ որովհետեւ ընկերուհու կամ ընկերոջ հետ այդտեղ են ժամադրվել, ասենք՝ այդ ամենից հետո «Պոնչիկանոցում» պոնչիկ ուտելու ախորժակով: Եթե սա է մեր հեղափոխական մասսան, ուրեմն, հույսներդ կտրեք՝ հեղափոխություն չի լինելու: Մեր հասարակությունը այդ կետին չի հասել եւ չի հասնելու երբեք: Մենք սիրում ենք գնալ-նայել-լսել-քննարկել-քննադատել եւ տուն վերադառնալ: Իսկ այն պարզ սրտերը, որոնք պարզամտորեն հավատում են, թե այդ ակցիաներով ինչ-որ բան կարող է եւ փոխվել, շատ արագ են ամեն ինչ հասկանում եւ տխրում են, քանի որ տեսնում են , թե իրենց իսկ ընկերներից ով ում հետ ինչից է խոսում, ումից ինչ զանգ է ստանում եւ ընդհանրապես, տեսնում են, թե այս կամ մարդաշատ կամ՝ ոչ այնքան մարդաշատ ակցիայի տակ ինչ է թաքնված: Եվ տխրում են, ինչպես մեր զրուցակիցը, եւ հիասթափվում են, եւ թեւաթափ են լինում:

Որպես մասնագետ , այս դեպքի եւ նմանատիպ այլ դեպքերի համար չունեմ դեղատոմս: Դեղատոմս չկա ընդհանրապես: Եվ լավ է, որ չկա, քանի որ սա այն է, ինչին յուրաքանչյուր անհատ պետք է հասնի ինքնուրույն, ինքն իր համար պետք է որոշում կայացնի՝ գնա՞լ ակցիայի, թե՞ նստել տանը, գնա՞լ հանրահավաքի, թե՞ ընկերուհու հետ պոնչիկ ուտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031