Մարտի 13-ին շարունակվեց 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Ներկա չէին տուժող Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Նիստում շարունակվում էր գործով վկա, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Ամբաստանյալ կապիտան, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցերին պատասխանալիս վկան երբեմն հիշում էր մանրամասներ, այլ դեպքերում ասում էր, որ չի հիշում, քանզի դեպքից շուրջ 2 տարի է անցել: Վկա Ա. Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ քննիչները իրեն ծանոթացրել են վկայի իր իրավունքներին, բայց ինքը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից: Սակայն հարցերին պատասխանելով` վկան ասաց, որ 9 օր գտնվելով ռազմական ոստիկանությունում, իր բառերով`«4 պատերի մեջ», իրեն ճնշված է զգացել: Պաշտպան Հրանտ Գեւորգյանը վկային հարց ուղղեց, թե վերջինիս կողմից «թույլ սպա» որակված Արտակ Նազարյանը ընդհանրապես չէր կարողանո՞ւմ դասակը շարել: Ի պատասխան վկան ասաց, որ նրա հրամանին ենթակվող զինվորներ էլ կային, հայտարարելով. «Դե խելոք- մելոք երեխեք կային, որոնք առանց գոռալու շարվում էին»: