Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ ԵԽԽՎ համազեկուցողների՝ «Մարտի 1»-ի քննությանը պիտի ներգրավվեին զոհերի հարազատները

Մարտ 13,2012 18:29

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի այսօր Փարիզում անցկացվող նիստի օրակարգում է ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան այդ երկրների համազեկուցողների կատարած փաստահավաք այցերի վերաբերյալ տեղեկատվության քննարկումը:

Այսօր ԵԽԽՎ-ն գաղտնազերծել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի Երեւան հունվարի 16-17-ը այցի վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը, որը պետք է քննարկվի հանձնաժողովում:

Փաստաթղթի սկզբում անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ին 10 զոհերի մահվան հետաքննությանը: Հիշատակելով 2011 թվականի ապրիլի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ 2008-ի դեպքերին, համազեկուցողները հիշատակում են, թե ապահովելու համար, որ նման հետաքննությունը վայելի հայ հանրության վստահությունը՝ իրենք առաջարկել էին, որ ՀՀ նախագահը երաշխավորի, թե այդ հետաքննությունն անցկացվելու է հանրային հետազոտության ձեւով. «Այդ նպատակով մենք իշխանություններին հատկացրել ենք նման հետազոտությունների զեկույցներ, որոնք տեղի են ունեցել Միացյալ Թագավորությունում՝ բրազիլացի ներգաղթյալի սպանությունից, ինչպես նաեւ Հյուսիսային Իռլանդիայում «Արյունոտ կիրակիի» դեպքերից հետո»:

Հիշատակվում է նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազը նամակներ էր ուղղել մի շարք դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների՝ խնդրելով փորձագետներ տրամադրել հրաձգաբանական, ինչպես նաեւ YouTube-ում որոշ տեսահոլովակների փորձաքննության համար. «Ցավոք, Հայաստանի իշխանությունների համար նման փորձաքննությունը մատչելի չդարձավ»:

Համազեկուցողները նշում են, թե չեն կարող մեկնաբանություններ անել «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ ՀՔԾ 2011 թվականի դեկտեմբերին հրապարակած հաղորդման վերաբերյալ, քանի որ այն միայն հայերեն է. «Սակայն, դատելով մեր ստացած տեղեկություններից, կարելի է որոշ արձագանքներ անել: Զեկույցից հստակ է, որ միայն քրեական հետաքննություն է կատարվել: Սա նույնը չէ, ինչ այն հետազոտությունը, որը մենք նկատի ունեինք եւ առաջարկել էինք իշխանություններին: Մեր կարծիքով, ճիշտ կլիներ հետազոտությանը ներգրավել որեւէ մեկին, որն ուղղակիորեն առնչվում է այդ դեպքերին, եւ առաջին հերթին՝ զոհերի ընտանիքներին»: Ըստ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների, նման քայլը հնարավորություն կընձեռեր իշխանությանը նաեւ լույս սփռել «որոշ դավադրությունների տեսությունների վրա, որոնք շրջանառվում են հասարակության մեջ»: Եվ ամենակարեւորը. «Մեր կարծիքով, սա կարող էր օգնել նրանց, ովքեր այդ դեպքերի ժամանակ կորցրել են իրենց մերձավորներին՝ գտնել ինչ-որ սփոփանք»:

Հանրային նման հետազոտության անհրաժեշտության մասին՝ առաջարկված Վեհաժողովի կողմից, ըստ այս փաստաթղթի, ասվել է 10 զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ: Սակայն բոլոր ներկաներն ասել են, թե իշխանություններից նման բան չեն լսել. եւ իրենց շատ հարցականներ պատասխաններ չեն ստացել. «Երբ մենք գլխավոր դատախազին փոխանցեցինք հարազատների այդ մեղադրանքները՝ նա մեզ տեղեկացրեց, որ այն բոլոր հարազատները, որոնք հայտարարել են, թե տեղեկատվություն ունեն 2008 թվականի մարտի դեպքերի վերաբերյալ՝ որպես վկա արդեն հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայությունում: Սա, մեր կարծիքով, ընդգծում է զուտ քրեական հետաքննության սահմանափակումները՝ հանրային հետազոտության համեմատ: Բացի այդ՝ իշխանություններըն ընդգծել են, որ իրենց կարծիքով՝ 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ զոհերի հարազատները քաղաքականացնում են քննությունը, քանի որ նրանցից ոմանք հանդես են եկել իբրեւ առանցքային հռետորներ ընդդիմության հանրահավաքներում»:

Համազեկուցողները փոխանցում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, թե բաց է իրենց առաջարկների քննարկման համար եւ խնդրել Դավիթ Հարությունյանին մշակել հայեցակարգ՝ անցկացնելու հանրային լսումներ քրեական հետաքննության արդյունքների վերաբերյալ. «Միեւնույն ժամանակ նա արտահայտեց իր մտահոգությունը, որ այս խնդիրը քաղաքականացվել է եւ կարող է շահարկվել քաղաքական նպատակներով՝ հատկապես 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ուստի նա առաջարկեց, որ լսումների ժամանակն ընտրվի այնպես, որ նվազագույնի հասցվի հնարավորությունը՝ շահարկելու այն նախընտրական քարոզչական նպատակներով»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ծավալուն այս փաստաթղթից այլ եզրահանգումներ՝ հաջորդիվ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031