Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյան. «Իմ ձեռքերով կթաղեմ ցանկացած ռասիզմ, նացիզմ, ֆաշիզմ»

Մարտ 13,2012 16:49

«Առավոտը» ստացել է Խաչիկ Ասրյանի արձագանքը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի իր մասին, նաեւ իր ձեռքի հայտնի շարժման մասին արված հետեւյալ մեկնաբանության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեսպանը մասնավորապես ասել էր. «Սա բացահայտորեն կրկնօրինակում է 3-րդ ռեյխի ժեստը: Եվ նույնիսկ վիրավորական է»:

Խաչիկ Ասրյանն այս կապակցությամբ ասել է. «Մեծ հարգանք ունեմ Հայաստանում առաքելություն իրականացնող բոլոր դեսպանների գործունեության հանդեպ, որն էլ լուրջ խթան է  Հայաստանի և արտերկրների միջև բարիդրացիական գործունեություն իրականացնելու համար: Անձամբ ինքս տեսել եմ Գերմանիայի դեսպանին ուղղված լրագրողուհու կարծես թե պատվիրված հարցերի տեսանյութը և ի պատիվ Գերմանիայի դեսպանի` պետք է ասեմ, որ արտառոց ոչինչ չկար, ավելին, բազմիցս նշել եմ, որ իմ ձեռքի շարժումը առաջնորդներին բնորոշ շարժում է, և ես ձեռքս ինքնաբուխ բարձրացնում եմ վերև միայն այն ժամանակ, երբ ելույթիս վերջում ասում եմ` կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, այսինքն` Հայաստանին առաջընթաց, զարգացում, հզորացում և հավերժություն:

Ինչ վերաբերում է լրագրողուհու պատվիրված և դիտավորյալ ռասիզմի հետ կապված հարցերին, ուղղակի ապշում, հիասթափվում և կարեկցում եմ բանսարկություններով ապրող մարդկանց: Ավելին,  ռասիզմին ուղղված ի՞նչ հարցեր եք հնչեցնում դեսպանի առջև` խայտառակելով ինքներդ ձեզ և փորձում ցեխ շպրտել իմ և «Հայոց Արծիվների» հայրենասիրական գործունեության վրա: Դուք գիտե՞ք ինչ է ռասիզմը, և ինչ է հայրենասիրությունը, իհարկե, չգիտեք: Անձամբ ինքս հայրենասեր եմ և՛ իմ արյամբ, և՛ տեսակով, և Հայաստանում ցանկացած ռասիզմ, նացիզմ, ֆաշիզմ կթաղեմ իմ ձեռքերով այնպես, ինչպես իմ պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ:

Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր իբր ապրելով հայկական բարձրավանդակում` չեն կարողանում զգալ, գիտակցել մեր պետության, մեր ժողովրդի առջև ծառացած ապագայի ցանկացած մարտահրավերների վտանգը, լիարժեք չեն գիտակցում իմ և «Հայոց Արծիվների» կողմից ամեն օր քարոզվող եռամիասնության արժեքային համակարգի «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսի խիստ անհրաժեշտությունը բնակչության շրջանում, լրջագույնս չեն գիտակցում հորինված ադրբեջանցիների կողմից հնչվող ամենօրյա ռազմատենչ հայտարարությունների վտանգը:

Ուղղակի ապշում եմ, թե ինչպես կարող է երիտասարդ, գեղեցկուհի լրագրողը այդքան ատելություն ունենալ իր հայրենիքի և հայրենիքին անշահախնդիր ծառայող զավակների և հայրենասիրական շարժումների հանդեպ: Ցավում եմ այն վախկոտների համար, ովքեր առանց աչքները թարթելու վաճառում են սեփական հայրենիքը, դավաճանում նրան, հաղթանակած հայ ժողովրդի արժանապատվությանը, միաժամանակ ամեն վայրկյան ստրկացնում, ոչնչացնում իրենց հոգիները:

Որպես վերջաբան, կոչ եմ անում անտեսանելի մուտիլովշչիկներին` ժողովրդի մեջ հայրենասիրություն քարոզելը երբեք չհամեմատեք ձեր կողմից հորինված և ձեր կողմից շահարկվող ռասիզմի հետ այնպես, ինչպես սողուններին չհամեմատե՛ք արծիվների հետ: Բավական է մեկ անգամ մուտք գործեք «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ (www.hayocartsivner.am) և դուք ոչ միայն կզարմանաք «Հայոց Արծիվների» խիստ թափանցիկ գործունեության, այլ նաև «Հայոց Արծիվների՚ ամենօրյա օրհնաբեր գործունեության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031