«Ճշմարտությունն ու իրականությունը բանտարկելն անհնար է», – հայտարարում է Նեդիմ Շեները։
Գրեթե մեկ տարի բանտում անցկացնելուց հետո չորս թուրք լրագրողները կրկին ազատության մեջ են: Բանտի դարպասների մոտ հեղաշրջման մեջ մեղադրված լրագրողներին դիմավորել են ոչ միայն ընտանիքի անդամները, այլեւ տասնյակ աջակիցներ ու գործընկերներ` «Ազատ մամուլն անհնար է լռեցնել» վանկարկումներով:
Ընդհատակյա «Էրգենեկոն» ցանցի հետ առնչությունների մեջ մեղադրվող Milliyet-ի աշխատակից Նեդիմ Շեները, ինչպես նաեւ Ահմեթ Շըքը,Սայիթ Չաքըրը եւ Չոշքուն Մուսլուքն անցնող տարվա ընթացքում այդպես էլ չընդունեցին դատախազության կողմից իրենց ներկայացվող մեղադրանքը:
Ավելին, թուրքական հանրության լայն շրջանակները եւս համոզված էին, որ լրագրողների ձերբակալության իրական պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն էր: Խոսքը նախեւառաջ թուրք ամենահայտնի հետաքննող լրագրողներից մեկի` Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից 2010-ին Խոսքի ազատության հերոս հռչակված Նեդիմ Շեների մասին էր:
Շեները 2007 թվականից ի վեր ի ակտիվորեն զբաղվում էր Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետաքննությամբ եւ առաջիններից էր, որ խոսեց այդ հանցագործությանը պետական պաշտոնյաների ներգրավվածության մասին:
Շեների «Դինքի սպանությունն ու իրավապահների սուտը» կոչվող գիրքը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, իսկ պետական մարմինները նրան մեղադրեցին զրպարտության եւ երկրի վարկը խաթարելու մեջ:
Լրագրողին այդ գրքի հրապարակման համար ի վերջո դատապարտեցին պայմանական ազատազրկման, թեեւ սկզբում պետական մեղադրողը պահանջում էր նրան դատապարտել 28 տարվա ազատազրկման:
Առաջին դատավարությունից մոտ մեկ տարի անց Շեներին մեղադրեցին «Էրգենեկոն» ցանցին մաս կազմելու մեջ:
Երկուշաբթի օրը ազատության մեջ հայտնվելուց մի քանի ժամ անց Շեները CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ անգամ մեկ տարի ճաղերի ետեւում անցկացնելուց հետո չի հրաժարվում Դինքի գործի լիարժեք բացահայտման գաղափարից։ Ավելին, նրա համոզմամբ, իր ազատազրկումն իրականում վրեժ էր` Դինքի սպանության անհատական ու մանրակրկիտ հետաքննության համար:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Դինքի սպանության ետեւում կանգնած անձինք ձերբակալվեն: Մարդկանց այդ խումբն ինձ սկզբում դատական հետապնդման ենթարկեց, ապա` բանտարկեց, բայց միեւնույն է` ճշմարտությունն ու իրականությունը բանտարկելն անհնար է», – պնդում է Նեդիմ Շեները:
Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» Ռադիոկայան