Անցյալ տարի անտառների ապօրինի անտառհատումը եղել է 3,216 հատ, որից «Հայանտառին» պատկանող տարածքներում հատվել է 2,488 հատ ծառ, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ 656, իսկ համայնքային տարածքներում՝ 72: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը:
Ասուլիսին ներկա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն էլ նշեց, որ վերջին տարիներին անտառների հրդեհները շատացել են: Դրանցում մեղքի մեծ բաժինը, ըստ գլխավոր անտառապետի, գյուղացիներինն է. «Համայնքներում բնակիչները էդ աշնան կողմը, մոտները ինչ–որ տենց մտածելակերպ կա, որ եթե արտերը այրեն կամ, ասենք՝ արոտվայրերը այրեն, ապա մյուս տարի ավելի լավ բերք կստանան: Եվ այդտեղից հրդեհը սկսվում է, լայն շերտով մտնում է անտառ: Երբ անտառից դուրս է տարածքը ,դա մեր իրավասությունից դուրս է, բայց երբ գալիս է մոտենում է անտառին, դառնում է ուշ»:
Պարոն Պետրոսյանի վստահեցմամբ՝ հրդեհների ժամանակին «դեմն առնելու» համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Անտառապետի խոսքերով, օրինակ՝ Գորիսի եւ Կապանի անտառներում, որոնք համարվում են ամենահրդեհավտանգը, միջազգային կազմակերպության կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների շնորհիվ բավականին նվազել են հրդեհները. «Կարեւորն արագ արձագանքումն է: Եթե պահը բաց ես թողնում, էլ մեծ տեխնիկան էլ չի օգնում»:
Այն հարցին ի պատասխան էլ, թե Հայաստանում որքանով են պակասել անտառային տարածքները, հատկապես ո՞ր հասարակական կազմակերպություններն են ահազանգում այդ մասին, պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ այսօր մեր ունեցած 332հազար 333 հեկտար անտառածածկը մեր օրենսդրությանը համապատասխանում է, բայց թե կոնկրետ որքանով է նվազել անտառների ծավալը, այդպես էլ չպատասխանեց:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ