Քաղաքացիական արդար ու անկախ դատարանն այսօր լսեց Մաշտոցի պուրակի` հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության գործը: Դատավարությունը նախաձեռնել էին այգու կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստները ու պատշաճ ժամկետներում դատական նիստի մասին ծանուցել էին քաղաքապետարանին, բայց պատասխանող կողմն այդպես էլ չէր ներկայացել:
Հայցվոր կողմը դատարանից ակնկալում է քաղաքապետարանին պարտավորեցնել ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները: Նրանց փաստարկներով, կրպակների տեղադրման որոշումը կատարվել է քաղաքաշինական նորմերի խախտումներով:
Հայցվոր կողմի իրավապաշտպան Սոնա Այվազյանի խոսքերով,բացի քաղաքաշինական նորմերի խախտումներից, քաղաքապետարանը հանրությանը նաեւ չէր տեղեկացրել Աբովյան փողոցի կրպակների՝ այգի տեղափոխելու որոշման մասին, դա իմացել են արդեն տեղադրման ժամանակ. «Մինչ օրս չի տրամադրվել Երեւանի քաղաքապետի որոշումը, տեղյակ չենք՝ ինչ որոշման հիման վրա է «Կենտրոն կանաչապատում» ընկերությունը, որը, ըստ քաղաքապետի, իրավունք ունի այս տարածքում շինարարություն իրականացել, այդ որ փաստաթղթի հիմա վրա է իրականացնելու, մեզ այդ փաստաթղթերը դեռ չեն տրամադրվել» :Ս. Այվազյանը նաեւ ասաց, որ դեռ քաղաքապետի որոշման օրինականությունն էլ հիմնավորված չէ.«Այստեղ են ներկայացել Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ու նրանք ոչ մի կերպ չեն կարողացել հիմնավորել այս շինարարության օրինական լինելը»:
Կարդացեք նաև
Հ. Գ. Քիչ առաջ «Ասպարեզ» ակումբի հասցեից ստացանք հետեւյալ հաղորդագրությունը. «Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմիների թույլատվությունը. Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն: Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել: Այգին լիքն է ոստիկաններով, նրանք գնալով շատանում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ