Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում կռվելու է բոլորի հետ

Մարտ 13,2012 15:54

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում երգչուհի Շուշան Պետրոսյանը հաստատեց այն տեղեկությունը, որ պահանջվող փաստաթղթերն արդեն ներկայացրել է ՀՀԿ-ին անդամագրվելու համար եւ առաջիկայում էլ իրեն տեսնում է խորհրդարանում:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում իր օրենսդիր գործունեությունը, ի՞նչ է անելու խորհրդարանում: «Էն, ինչոր միշտ անում եմ, կռվելու եմ բոլորի հետ»,– կատակով ասաց երգչուհին: Քիչ անց էլ հավելեց. «Դեռ չգիտեմ՝ ինչ եմ անելու»:

Նա ասաց, որ իրեն բարկացրել է մամուլում եղած այն մեկնաբանությունը, թե իրենց գերդաստանից անպայման մեկը պետք է ԱԺ-ում լինի. «Ես ի՞նչ կապ ունեմ ուրիշ մարդու (նկատի ունի հորաքրոջը՝ Ալվարդ Պետրոսյանին.-Գ. Հ) հետ: Փառք Աստծո, իմ կյանքում միշտ ինքս եմ ինչոր բաների հասել, իմ որեւէ ծրագրի իրականացման համար ինչոր մեկին չեմ դիմել, ի՞նչ կապ ունի այդ մարդն ինձ հետ, երբ անգամ շփման եզր չունեմ հետը»:

Մեր այդ դիտարկմանը, որ արվեստագետը պետք է ազատ լինի, իսկ կուսակցական ցուցակով խորհրդարանում հայտնվելն արդեն իսկ կաշկանդող է, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Նայած ում, ստրկամիտներին առանց դրա էլ կարելի է կաշկանդված համարել, եթե մարդ ազատություն ունի, իրեն ոչինչ չի կարող կաշկանդել: Պիտի մասնակցեմ խնդիրների (խորհրդարանում), որոնք ինձ հուզում են, միեւնույն է՝ առանց երդումների եւ կուսակցական բաների ես ամեն ինչ կատարում եմ որպես քաղաքացի, դրանք պայմանականություններ են: Կարեւորը՝ մարդ իր սկզբունքներին չդավաճանի»:

Օրերս կայացած ասուլիսում իր՝ Նժդեհից խոսելը պատահականությո՞ւն էր, թե՞ յուրօրինակ «անոնս»՝ ՀՀԿ-ին անդամագրվելու: «Հատուկ չեմ խոսելուղղակի վստահ չեմ, որ այդ անունը անընդհատ խաղարկող մարդիկ ծանոթ են Նժդեհին, նրա գրվածքներին, նամակներին, իսկ ես առիթ եմ ունեցել ներկայացում բեմադրելուց ծանոթանալ նրա նամակներին: Իսկապես մեծ փիլիսոփա ենք ունեցել, որը բացի ռազմի գործիչ եւ ստրատեգ լինելուց, եղել է նվիրյալ մարդ իր հայրենիքին եւ չհասկացված իր ժամանակակիցներից: Ես էն ժամանակ դեռ չգիտեի, որ մի օր սառույցը պիտի շարժվի, ինքս չդիմանալով բողոքներին՝ փորձեմ մտնել էդ համակարգի մեջ»,-հայտնեց երգչուհին:

Իսկ ինչո՞ւ հենց ՀՀԿ-ին որոշեց անդամագրվել եւ ոչ թե, ասենք՝ ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին: Ի պատասխան՝ Շուշան Պետրոսյանն ասաց՝ չեմ ասի, որ ասեմ՝ կգրեք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031