Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը ՀՀԿ-ում «սեւ ագռավ» չէ

Մարտ 13,2012 15:45

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ չնայած ֆինանսը իր համար խնդիր չէ, բայց չի ուզում ոչ մեծամասնականով, ոչ համամասնականով մասնակցել ընտրություններին, որովհետեւ տեսնում է միայն չինովնիկական բյուրոկրատիա ու փող եւ չի հավատում, որ ընտրություններն ինչ-որ բան կփոխեն Հայաստանում. «Եթե որեւէ մեկը դրան հավատում է, ուրեմն Սերժ Սարգսյանի ելույթն ընդունել է, հավատացել եւ փոխվել է: Բայց քաղաքական պայքար այսօր Հայաստանում չկա: Փոփոխության հասնելու 2 ձեւ կա` ընտրություններ կամ փողոց: Ընտրությունները բան չեն փոխելու, մնում է երկրորդ ճանապարհը»:

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ողջունեց «Նոր ժամանակների»` ընտրությունների չգնալը. «Դա ազնիվ քայլ է, որովհետեւ շատ կուսակցություններ, որոնք ունեն շատ ավելի պակաս պոտենցիալ, քան «Նոր ժամանակները», ընենց ուզում են հիշեցնեն, որ իրենք կան: Պարտադիր չէ ընտրությունների գնալ` նախօրոք իմանալով, որ կպարտվես, իսկ որ իրենք կպարտվեին` դա ակնհայտ է»:

Արամ Կարապետյանը համոզված էր, որ ժողովրդավարության առումով ոչ մի առաջընթաց չկա երկում եւ Ս. Սարգսյանն այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի շարունակությունն է, ինչի հետ չհամաձայնեց պարոն Բադեյանը. «Ասել, որ Լեւոն ՏերՊետրոսյանի շարունակությունն է, ճիշտ չէ, չի կարելի կապես ասես՝ Սերժ Սարգսյանի ոտերը աճում են Լեւոն ՏերՊետրոսյանից, նրա ոտերը դեմոկրատիայից են աճում: Եթե նկատի ունեք Մարտի 1-ը, Սերժ Սարգսյանին կապել դրա հետ՝ ամենաքիչը ոչ կոռեկտ է: Ո՞վ է ասում, որ վարչապետ եղած ժամանակ նա դրա կողմնակիցն է եղել»:

Անդրադառնալով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին` Ա. Կարապետյանը հարցրեց. «Եթե ամեն ինչ այդքան լավ է, առաջընթաց կա, ինչի՞ Եվրազեսի նիստին մենք փող ենք ուզում, Բրյուսելում փող ենք ուզում, ինչքան գիտեմ՝ հիմա նախագահը պիտի հասնի Ճապոնիա, տպավորությունն այնպիսին է, որ փող է ուզելու»:

Մանվել Բադեյանն ընդունեց, որ իշխանական կառույցներում կան որոշակի անձինք, որոնք գաղափարից զուրկ են եւ լուծում են իրենց անձնական խնդիրները. «Դա փաստ է, որի վրա աչք փակել չի լինի, բայց ընդհանուր դիագնոզ տալ ՀՀԿին` կոռեկտ չէ: Մեկը, օրինակ, ես երբեք չեմ պաշտպանել իմ անձնական շահերը»: Ավելին` ըստ պարոն Բադեյանի, ինքը ՀՀԿ-ում «սպիտակ ագռավ» չէ, իր նման շատերը կան:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե գործարար լինելով` ինչպե՞ս չեք պաշտպանել ձեր բիզնես շահերը` «Եվրոստան ույուտի» սեփականատերը հերքեց, որ ինքը բիզնեսմեն է. «Ես միայն սեփականատեր եմ: Իմ պառլամենտ մտնելուց հետո ստուգեք ու կտեսնեք, թե ինչքան եմ ես ավելացրել հարկերը: Բացի այդ, նախկինում ես մենաշնորհ ունեի շուկայում, բայց ԱԺ մտնելուց հետո կորցրել եմ մենաշնորհը, եթե պաշտպանեի իմ շահը, ինչպե՞ս դա կլիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031