Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին շարունակվեց ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված 4-ի մասով դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նրանք` Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը,, Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանը մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին օպերայի տարածքում հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Ըստ «Հենարան»-ի՝ այսօր, երբ շարունակվում էր վկա ոստիկանության սպա Սամսոն Ղարիբյանի հարցաքննությունը`ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը նրան հարց ուղղեց: Պատասխանելով նրան` վկան ասաց, որ տարածքում “ամբոխ էր հավաքվել”: Ամբոխ բառը հունից հանեց Առաքելյանին, որն էլ ասաց դուք էլ մենթերով այնտեղ էիք: “Խնդրում եմ չվիրավորել եւ այսուհետ ամբոխ բառը չօգտագործել”,-բարկացած ասաց ՀԱԿ ակտիվիստը: Իր հերթին էլ վկան ձայնի տոնը բարձացնելով` ասաց, որ “մենթ չի կարելի ասել”:
Դատավոր Գագիկ Պողոսյանի նյարդերն այս անգամ էլ տեղի տվեցին ու նա ամբաստանյալին հասկացրեց: «Դու չես որոշում , թե որ բառն է վիրավորական, մենթ չօգտագործես: Եթե դատարանը գտնի, որ ամբոխն էլ է վիրավորական, ապա վկան պատասխան կտա: Իսկ ես զգուշացնում եմ, նման պահվածքի համար դատարանը ձեր նկատմամբ խիստ սանկցիա կկիրառի: Հասկացա՞ր ամբաստանյալ Առաքելյան»,-հարցրեց դատավորը: