Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողների միության «պալատական գաղտնիքները…»

Մարտ 13,2012 15:00

  Կարդացի տեղական թերթերի եւ լրատվական գործակալությունների մի քանի հաղորդագրություններ, այդ թվում Հայաստանի Գրողների միության  նախագահ Լ. Անանյանի տված հարցազրույցը` վերջերս տեղի ունեցած ընդունելության եւ հարգելի ստեղծագործական կազմակերպության նոր «արժանի համալրման» մասին:

Ինտրիգ այս դեպքում, իհարկե, կար: Արդեն մի քանի տարի է չկար ընդունելություն, եւ ինչպես գրողները,  այնպես էլ  լայն հասարակությունը ցանկանում էր իմանալ, թե ով են «մեր լավագույնները». մոտ 80 թեկնածուներից, որոնք ներկայացրել էին իրենց գործերը, միայն 40 հոգին դարձան ՀԳՄ նոր անդամներ:
Կարդացի այդ լուրը խիստ հետաքրքրությամբ, քանզի իմ միջավայրում կա «ռոմանտիկ» մի գրող, որը նույնպես ներկայացրել էր ԳՄ իր «գործը»: Ես անմիջապես կապվեցի նրա հետ, հուսալով լսել, վերջապես լավ նորություն և շնորհավորել բարեկամիս հաջողության կապակցությամբ: Ավաղ, լսեցի տհաճ լուր. կրկին իմ հին ընկերը, ով ունի որոշակի ներդրում հայ գրական կյանքում, տաղանդավոր գրիչ, հեղինակ է մի շարք գրքերի եւ մենագրությունների, ակտիվորեն հետաքրքրվում է երկրի սոցիալ-քաղաքական եւ գեղարվեստական ​​կյանքով, լուրջ գիտական վաստակ`գրականագիտության ասպարեզում, տպավորիչ հրապարակումներ հայաստանյան և ռուսաստանյան մամուլում, կրկին անտեսվեց, ինչպես մի «կանաչակտուց լակոտ» ( ի դեպ ունենալով բավականի պատկառելի տարիք)…

Իմ «պարոն N» պատկանում է «անժամկետ» թեկնածուների շարքին. առաջին փորձը կատարել է դեռ Հրանտ Մաթևոսյանի ժամանակ, երկրորդը` արդեն Անանյանի «գահակալության» …  Ի դեպ, ամեն անգամ ունեցել է գրական աշխարհում հայտնի գրագետների դրական բնութագրերը, սակայն… Ընկերս, դժբախտաբար,  շատ համեստ ու համբերատար է…

Հավանաբար, «բախտը չէր բերում» ամեն անգամ ոչ թե այն պատճառով, որ նա «անտաղանդ, գորշ և անհետաքրքիր» գրող էր, այլ այն պատճառով, որ «սվոյ տղա» չէր ԳՄ շրջանակներում. չի ուտում-խմում «ղայդին մարդկանց» հետ միության կաբինետներում կամ «դուքյաններում», Ծաղկաձորում կամ Սևանում … Միայն  գրում է ու գրում…

«Էհ, թող գրի իրա համար, ում ա խանգարում, ինչ պարտադիր ա միության անդամ ըլնի, մեր փայը կտրի…», – մտածում էին ավելի «շուստրի» գործընկերները ու գրական չինովնիկները, հաջողությամբ տապալելով ամեն անգամ «թեկնածուին» դեռևս սեկցիաներում քննարկման փուլում կամ ճակատագրական քվեարկության պահին… Տրամաբանությունն, ըստ երեւույթին, պարզ էր. «Ով ա, ինչ ա, ում մարդն ա  չգիտեն, պարզ չի, ում ա պետք որ…»:

Ընթերցողներից ոմանք կարող են մտածել. «դե եթե ձեր ընկերը այդքան տարի չի գնահատվել գրասեր հանրության, գրողների և ՀԳՄ հանձնաժողովների կողմից, ուրեմն այնքան էլ արժանի չէ այդ ստեղծագործական կազմակերպության անդամ լինելու պատվին… Հավանաբար, մտածեցին…

Բայց… շունը  թաղված է խորը…

Հայաստանի ԳՄ տեղեկատուն (2008 թ.) «զարդարված է»  մի երկու-երեք  տասնյակ այնպիսի անուններով, որոնք ոչ մի զգալի ներդրում չունեն ժամանակակից հայ գրականության, գրականագիտության և գրական կյանքի մեջ… Ամենադյուրին ճանապարհը կլիներ տալ մի քանի «վառ» անուններ, և պատկերը հասկանալի կլիներ հանրությանը, սակայն չարժէ` ամոթ է, հայ մարդ են էլի, նույն փողոցներով ենք քայլում Երևանում, երբեմն էլ հանդիպում Բաղրամյան, 3-ում ու ժպտում իրար… Միայն կասեմ, որ նրանց թվում կան և հավակնոտ երիտասարդներ, և իրենց «փայլուն գրչի վարպետներ»  համարող  «գրական գայլեր», և ուղղակի արդեն անբաններ…

Իմ «անհաջողակ» ընկերը կրկին ԳՄ շարքերում չհայտնվեց…

Անշուշտ, անարդարություններ և խարդավանքներ կյանքում կան միշտ եւ ամենուր, բոլոր ասպարեզներում, բայց ցավալի է, երբ դրանք տեղ են գտնում նաև նման, հասարակության մեջ ազնվական համարվող, հաստատությունում, ինչպիսին է Հայաստանի գրողների միությունը, ուր, պարզվեց, նույնպես արմատավորվել են ինտրիգը ու «ԽԾԲ»-ն, փոխարինելով վեհ ու ճշմարիտ հոգևոր արժեքները, մարդու և նրա ստեղծագործական ավանդի  իրական գնահատականը…

…Գրական աշխարհի նոր «հերոս անդամների» անունները մեր լայն հասարակությանը երևի հայտնի կդառնան ԳՄ նոր տեղեկատուի  հրատարակման պահից միայն… Կտեսնենք, ով են այդ նոր արժանիները. երևի թե իրոք հպարտանանք ոմանցով և միաժամանակ` զարմանանք և ծիծաղենք մյուսների վրա…  Չե որ առաջին անգամ չէ, որ համոզվում ենք. մարդ էակը երբեմն լինում է և նենգ, և խորամանկ, և շահախնդիր…

Բերտ ԲԵՐԲԵՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031