Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ՀՀԿ 13-րդ համագումարը նման էր Կոմունիստական կուսակցության համագումարին: Պատգամավորը նշեց, որ պետք չէ կուսակցականացնել այն արժեքները, որոնք ազգային են և աչքի լույսի պես պետք է պահել: Մասնավորապես նա նկատի ուներ այն, որ պետք է զատել կուսակցություն, իշխանություն, պետություն և երկիր հասկացությունները:
Անդրադառնալով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարի ընթացքում հնչեցրած ելույթին, Լ. Ալավերդյանը նշեց. «Ես նախկինում միշտ գովել եմ ՀՀ նախագահի սպիչրայթերներին: Սակայն այս դեպքում նրանք կոպիտ սխալներ են թույլ տվել: Ելույթում օգտագործված է տոտալիտար համակարգին բնորոշ բառապաշար, ասելիքում չկան նոր գաղափարներ, կան վիրավորական ձևակերպումներ ընդդիմության հասցեին»: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ ելույթին կարելի է վերագրել վերածննդի ուժ:
Համագումարից հետո քննարկման առարկա դարձավ Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Այն հարցին` ինչի°ն հավատալ, կամ արդյոք կարգախոսն ուշացա՞ծ չէ, Հանրապետական պատգամավորն այդպես էլ չկարողացավ սպառիչ պատասխան տալ. «Երբեք ուշ չէ, երբ հավատով ես փոխում: Երբ մարդ հավատում է, գնում է առաջ: Պետք է հավատանք ինքներս մեզ: Եկել է ժամանակը` երբ պիտի հավատանք»:
«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի ներկայացրել իր կարգախոսը: Լ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ դա կներկայացնեն, երբ ճիշտ պահը գա:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ