Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածը հաղթել է վճռաբեկ դատարանում

Մարտ 13,2012 14:18

Մարտի 24-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Գրիգորյանն արտագնա նիստ է նշանակել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Արսեն Արծրունու լուսանկարը՝ Վահան Իշխանյանի բլոգից

Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին անցյալ տարվա օգոստոսի 31-ի որոշումը՝ բողոքը թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով:

Արծրունու գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան:

Դեռ 2006թ. օգոստոսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությունը դատապարտյալ Արսեն Արծրունու վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով և 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ. թիվ 10 դատավճիռը վերանայելու և այն 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին, որոշեց միջնորդությունը բավարարել:

Ա.Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու պարզաբանմամբ, ըստ դատարանի նշված որոշման՝ 1961թ. քրեական օրենսգրքի 72 հոդվածը, 17-100 հոդվածը և 17-99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում են 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, 38-104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին: «Փաստորեն դատարանը գտել է, որ 17-99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում է 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին, այն դեպքում, որ ակնհայտ է, որ Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 1996թ. դեկտեմբերի 10-ի թիվ 10 դատավճռով մեղավոր չի ճանաչվել 2 կամ ավելի անձանց սպանության համար, քանի որ տվյալ դեպքում ինքը կդատապարտվեր 1961թ. քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետով»,– ասում է Ն. Ռշտունին: Բացի այդ, ըստ ներկայացուցչի, պետք է լիներ նաև 38-104-ի 2-րդ մաս, այլ ոչ թե՝ 104 հոդվածի 2-րդ մաս:

Ա.Արծրունու ներկայացուցիչը հղում է անում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, համաձայն որի՝ անձի մեղավորությունը պետք է ապացուցված լինի սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաև ենթարկվել քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան», ասում է նա: Ի դեպ, 64-րդ հոդվածի համաձայն՝ դատապարտյալ է կոչվում մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ անձը կարող է դատապարտվել և պատիժ կրել միայն և միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, որը հանդիսանում է վերջնական դատական ակտ:

«Սակայն ստեղծված իրավիճակում դատապարտյալի պատիժը կրելու, քրեակատարողական հիմնարկում պահելու հիմք է հանդիսանում ոչ թե նրա նկատմամբ 1996թ. դեկտեմբերի 12-ին կայացրած ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի թիվ 10 դատավճիռը, այլ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ. օգոստոսի 8-ի դատավճիռը վերանայելու և համապատասխանեցնելու սխալ որոշումը»,- ասում է Ն. Ռշտունին:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ. օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ էր գտել տեխնիկական սխալ, որին անդրադարձել էր նաեւ «Aravot.am»-ը: Խոսքը որոշման նկարագրական մասում Արսեն Արծրունու անունից բացի, ինչ-որ Ռոբերտ Սահակյանի մասին է: Վերջինն ընդհանրապես կապ չունի Արծրունու գործի հետ: «Փաստորեն, դատական սխալի պատճառով դատապարտյալ Արսեն Արծրունին պատիժ է կրում ոչ միայն այն հանցագործության համար, որն ինքը չի կատարել, այլ անգամ այն հանցագործության համար, որի համար ինքը չի դատապարտվել ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով»,- հավելում է Նարինե Ռշտունին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031